Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։ Այս մասին Տեր-Գրիգորյանը հայտնել է «Իրավունք» -ին։ Նա այժմ բնակվում է Ռուսաստանում։
«Ես գնացի հյուպատոսարան և վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։ Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլևս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ»,- ասել է Տեր-Գրիգորյանցը։
Նորատ Տեր-Գրիգորյանցը 1992-ին եղել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ու պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, իսկ 1993-ին ժամանակավորապես կատարել է պաշտպանության նախարարի պարտականությունները: Այդ տարիներին նա ղեկավարել է կամավորական ջոկատների հիման վրա կանոնավոր զինված ուժերի կառուցվածքային ձևավորման և կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման գործընթացը:
1992-1995-ին նա մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախյան առաջին պատերազմում հայկական ուժերի ռազմագործողությունների պլանավորմանը: Նրա մշակած լեռնային մարտավարական մեթոդները կիրառվել են Արցախի տարածքում ընթացող մարտերում և Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձևավորման ընթացքում:












