Հայաստանը բողոք է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում առաջացած խոչընդոտների առնչությամբ՝ ակնկալելով գործարկել կառույցի իրավական մեխանիզմները և վերացնել սկզբունքների խախտումները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:
Գասպարյանի խոսքով՝ ի հայտ եկած խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ հիմնարար համաձայնություններին ու սկզբունքներին: Նա ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով միության լիարժեք անդամ, փորձում է օգտագործել ԵԱՏՄ ամբողջ գործիքակազմը՝ առկա խնդիրները լուծելու համար:
«Այստեղ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան։ Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»,-ասել է փոխնախարարը։
Փոխնախարարը միևնույն ժամանակ շեշտել է տնտեսության կայունության ու ինտենսիվ աճի ապահովման նպատակով նոր շուկաներ դուրս գալու անհրաժեշտությունը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ուղղված է բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրությանն ու որակական ստանդարտների բարձրացմանը, ինչը թույլ կտա հայկական արտադրանքը ներկայացնել միջազգային ավելի բարձրարժեք շուկաներում:
***
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։












