Տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և 3 մլն դրամ փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։
Հայցը մուտքագրվել է սեպտեմբերի 9-ին և մակագրվել դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Հայցի հիմքում 2026-ի մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթում հնչեցված արտահայտություններն են։ Սամվել Կարապետյանը պահանջում է, որ վարչապետն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում ընթերցի ներողության տեքստը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026-ին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»։
Հայցվորը պահանջում է ուղիղ եթերը վերնագրել՝ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից», առանց որևէ հավելյալ մեկնաբանության կամ երրորդ անձանց միջամտության։
Բացի ներողությունից, հայցվորը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, ինչպես նաև հատուցել դատական ծախսերը, այդ թվում՝ պետական տուրքն ու փաստաբանի վարձատրության գումարը։
Մայիսի 29-ին Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր հասցեին Կարապետյանի մեղադրական հայտարարությանը, թե Չինաստանից բերված հալուցինացիաներ առաջացնող սնկեր է ուտում, հայտարարել էր․
«Հալուցինացիա առաջացնող սնկի մասին կյանքում առաջին անգամ իմացել եմ Կալուգացի Սամոյից և իրենց շրջապատից, որովհետև դրանք որ գնում են Չինաստան կամ որևէ տեղեր, դրանց առաջին հետաքրքրության օբյեկտը հալուցինացիա առաջացնող սունկն է։ Որովհետև ամեն մեկն իր փչացածության աստիճանի մասին է մտածում։ Եվ ես խոստացել եմ, ասել եմ: Քեզ դեյուրե դատարանում սունկ եմ կերցնելու, և այդ սունկն ինքը պիտի ուտի բոլորիդ աչքի առաջ»:
Մինչ այս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյան էր դատական երկու առանձին հայց ներկայացրել ընդդեմ գործարար Սամվել Կարապետյանի՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտությունները և վճարել ընդհանուր 12 մլն դրամ փոխհատուցում։
Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ վիճարկվում են Կարապետյանի այն հայտարարությունները, թե Փաշինյանը Կանադայում առանձնատուն ունի, ինչպես նաև Չինաստանից հալյուցինոգեն սնկեր է ներկրել ու օգտագործում։ Հայցվոր կողմը յուրաքանչյուր գործով պահանջում է սահմանված կարգով հրապարակային հերքում և 6 մln դրամի ոչ նյութական վնասի հատուցում։
Երկու հայցերն էլ ընդունվել են վարույթ, ընդ որում՝ դրանցից մեկով միջանկյալ ակտի դեմ բողոքն արդեն փոխանցվել է Քաղաքացիական վերաքննիչ դատարան։












