Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Պակիստանի առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի), հայտնում են նախարարությունից։
Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները:
***
Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025-ի օգոստոսին՝ համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ։ Ըստ կոմունիկեի՝ երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։
Մինչ այդ Պակիստանը չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և չուներ դիվանագիտական հարաբերություններ Երևանի հետ։ Պակիստանի այս դիրքորոշման հիմնական պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Պակիստանն Ադրբեջանի դաշնակիցն է։ Պակիստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը չեն ճանաչի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լիովին չի կարգավորվել Ադրբեջանի օգտին։












