Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ իր մոտ կարծիք է ձևավորվել, որ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը և փորձում են պաշտպանել այդ գործունեությունը։
Սեպտեմբերի 14-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Ավինյանը, խոսելով Երևանում գործող ավտոկայանատեղիների խնդրի մասին, ասել է, որ քաղաքում առկա ապօրինությունների հետևում կարող են կանգնած լինել պետական համակարգի ներկայացուցիչներ։
«Ես ավտոկայանատեղիների կազմակերպման ապօրինի կազմակերպման վերաբերյալ արդեն ձևավորված կարծիք ունեմ, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, որոնք սպասարկում են այս գործընթացը և որոշակի պաշտպանություն են փորձում ցույց տալ»։
Ավինյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակաբար վերացնել նման երևույթները Երևանի կենտրոնից և ընդհանրապես քաղաքից։ Նրա խոսքով՝ պետական համակարգի «միջին մակարդակի չինովնիկները» չպետք է նման գործունեությունից «սև փող աշխատեն»։
«Մեր նպատակն է, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այնտեղ սև փող չաշխատեն, այլ բերենք մի մի տրամաբանության, որտեղ որ այն լինի օրինական գործունեություն»։
Քաղաքապետի խոսքով՝ փոքր կենտրոնի բոլոր հատվածներում կայանատեղիների հասանելիությունը պարտադիր չէ, և որոշ փողոցներից կայանատեղիները պետք է վերացվեն՝ երթևեկությունն ապահովելու համար։
Ավինյանը հանձնարարել է նաև ուսումնասիրել վալետ-պարկինգի (Valet parking) փորձը և ներկայացնել հնարավոր լուծումներ։
Valet parking-ը այն ծառայությունն է, երբ վարորդը մեքենան հանձնում է հատուկ աշխատակցի, իսկ աշխատակիցը մեքենան կայանում է վարորդի փոխարեն։












