«Այդ հայտարարություններն անհիմն են, չեն նպաստում և օգտակար չեն խաղաղության համատեքստում»։ Այսկերպ է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որը Արցախում եվրոպացի դիվանագետներին տեղի հայկական պատմամշակութային ժառանգությունն ալբանական էր ներկայացնում։
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ռուբինյանից հետաքրքրվեց, որպես խորհրդարանական երկրի խորհրդարանի նախագահ պատրաստվում է արդյոք դիրքորոշում հնչեցնել, որ Գանձասարը հայկական է, և որքանով են այս քայլերը մոտեցնում խաղաղության հաստատմանը: Ռուբինյանն ի պատասխան նշեց, որ նոր ձեռք բերած խաղաղությունը խնամքի կարիք ունի, շատ կարևոր է զգայութնություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։
«Մյուս կողմից լավ է, որ այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- ասել է Ռուբինյանը։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ երկօրյա այցով գնացել էին Արցախ։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:












