Առողջապահության նախարարությունն առաջարկում է ապահովագրական փաթեթից հանել սննդով և կացարանով ապահովման ծախսերը։ Այդ առաջարկն ամրագրվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծում։ Գործող օրենքով սննդով և կացարանով ապահովման համար սահմանված է մասնակի հատուցում՝ համավճարի կիրառմամբ։
Փաթեթը սեպտեմբերի 14-ին հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Առաջարկվում է հանել նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ֆիզիոթերապևտիկ ծախսերը։
Ըստ նախարարության հիմնավորման՝ նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է «օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած բացերով, խնդիրներով, ինչպես նաև օրենսդրական առանձին կարգավորումների հստակեցման, գործնական կիրառելիության ապահովման և իրավական որոշակիության պատշաճ ապահովման պահանջով»։
Եթե օրենքը փոխվի, հիմնադրամն իրավունք կստանա նվազեցնել կամ մերժել ապահովագրական հատուցումը՝ ստուգումների, փորձագիտական աշխատանքների կամ իր ներքին գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած հիմքերով։
Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններով՝ հիմնադրամն իրավունք ունի տարբեր պայմաններում հատուցումը մերժել կամ դրա չափը նվազեցնել։ Նոր փոփոխությամբ որոշ մանրամասներ են ավելացվում, որոնք հստակեցնում են հիմնադրամի գործունեությունը։ Մյուս կողմից առաջարկվում է հանել գործող օրենքի մի դրույթ, որի համաձայն՝ ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում հիմնադրամը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պետք է ուղարկվի ապահովագրված անձին։
Նախագիծը նոր է դրվել հանրային քննարկման, այն կարող է փոխվել, որից հետո պետք է հաստատվի կամ մերժվի կառավարության ու ԱԺ-ի կողմից։












