Սիրանուշ Ադամյան
Երևանում հուլիսին բնակարանների գործարքները գրեթե կրկնապատկվել են, իսկ քաղաքի կենտրոնում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են 12.7%-ով։ Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները․ սեպտեմբեր 2026» զեկույցի համաձայն՝ անշարժ գույքի շուկայի աճի տեմպի արագացումը սնուցվել է ռուսաստանցիների և հայկական սփյուռքից նոր ներհոսքով պայմանավորված պահանջարկով։
Շինարարությունը և ոչ առևտրային ծառայությունները մնացել են տնտեսական աճի հիմնական շարժիչները՝ հուլիսին աճելով համապատասխանաբար 26.5%-ով և 17%-ով։ Ընդհանուր տնտեսական ակտիվության աճը, սակայն, դանդաղել է՝ հունիսի 7.4%-ից հասնելով 6.5%-ի։ Տարեսկզբից մինչև հուլիս տնտեսական ակտիվությունն աճել է 7.7%-ով։
Անշարժ գույքի «Ակցեռն հոլդինգի» նախագահ Հակոբ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի հետ անցած ամիս կայացած հարցազրույցում ասել էր, որ ռուսաստանցիների հոսքի առաջին ազդեցությունը նկատվում է վարձակալության շուկայում, այնուհետև՝ բնակարանների վաճառքի գներում։
«Երբ վարձակալությունը ակտիվանում է և թանկանում, դա ճնշում է գործադրում կառուցվող կամ վաճառվող գույքի գների վրա»,- ասել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ 2022-ին Հայաստան տեղափոխվածների զգալի մասը բնակարան էր վարձակալում, սակայն այժմ նրանցից ոմանք բնակարան են ձեռք բերում։ Բաղդասարյանը դա կապում է ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգման և Ռուսաստանում խնայողությունների անվտանգության շուրջ մտահոգությունների հետ։
«Ռուսական քաղաքացիություն ունեցող մարդկանց համար Հայաստանը կարող է լինել պահուստային երկիր՝ թե՛ ժամանակավոր կամ հիմնական բնակության, թե՛ բիզնես գործունեություն ծավալելու համար»,- ասել է նա։
Բաղդասարյանի ներկայացրած տվյալներով՝ վերջին ամիսներին «Ակցեռն հոլդինգի» նորակառույցներում գործարքները ևս աճել են, իսկ գները բարձրացել են շուրջ 15%-ով։ Դրանք ընկերության տվյալներ են և ամբողջ շուկայի պաշտոնական վիճակագրություն չեն։
Նա նշել է, որ արտաքին պահանջարկը հատկապես զգալի է բարձր գնային սեգմենտում։ Ըստ Բաղդասարյանի՝ Ռուսաստանից, սփյուռքից և որոշ չափով Իրանից եկող գնորդները բնակարան կարող են ձեռք բերել ոչ միայն ապրելու, այլև իրենց կապիտալը դիվերսիֆիկացնելու կամ Հայաստանի հետ կապը պահպանելու նպատակով։
Բաղդասարյանը նաև բարձր գների վրա ազդող գործոն է համարում շինարարության և նախագծերի մեկնարկի ծախսերի աճը։ Նրա խոսքով՝ Երևանի թանկ գոտիներում միջին ծավալի շենքի կառուցման նախնական ծախսերը, առանց հողի արժեքի, կարող են հասնել մի քանի միլիոն դոլարի։ Սա սահմանափակում է փոքր և միջին կապիտալով նոր կառուցապատողների մուտքը շուկա և նվազեցնում մրցակցությունը։
Շուկայի հետագա աճը, ըստ Բաղդասարյանի, կախված կլինի արտաքին հոսքերի կայունությունից։ Նա նշել է, որ Ռուսաստանից մարդկանց կամ կապիտալի հոսքի կտրուկ փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ նաև անշարժ գույքի ոլորտի վրա։












