Գլխավոր Լրահոս

Գնաճային ճնշումների ֆոնին ԿԲ-ն թանկացնում է փողը

Գնաճային ճնշումների ֆոնին ԿԲ-ն թանկացնում է փողը

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ին որոշել է խստացնել դրամավարկային պայմանները՝ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0,25%-ով՝ մինչև 6,75%: Անցած տարվա դեկտեմբերից, տոկոսադրույքն անփոփոխ էր 6,5%, իսկ վերջին անգամ տոկոսադրույքը բարձրացվել էր գրեթե չորս տարի առաջ։ «Որոշումը հեշտ չի ընդունվել». սեպտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Բավականին բարդ հանդիպում է եղել այսօր Կենտրոնական բանկի խորհրդում, որովհետև ունեցել ենք ձայների 4-4 բաշխվածություն»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդի չորս անդամ կողմ է եղել տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն, սակայն մյուս չորսի, այդ թվում՝ իր դիրքորոշման արդյունքում որոշվել է տոկոսադրույքը բարձրացնել:

Հայաստանում փողի թանկացման հիմնական նպատակն այս անգամ ներքին և արտաքին պահանջարկի աճով պայմանավորված գնային ճնշումներին արձագանքելն է, որը Կենտրոնական բանկի առաջնային մանդատն է: Ներկայում Հայաստանում գնաճը գերազանցում է ԿԲ-ի թիրախային 3% ցուցանիշը. օգոստոսին այն կազմել է 4,4%, և 12-ամսյա բնականոն գնաճը հասել է 4,8%-ի:   

Մեկնաբանելով քաղաքականության խստացման պատճառները՝ ԿԲ նախագահն ընդգծեց, որ ի տարբերություն հունիս-հուլիս ամիսների, երբ գնաճը հիմնականում կապվում էր առաջարկի գործոնների հետ, ներկայում առաջնային են դարձել պահանջարկի գործոնները: Մասնավորապես, ըստ Գալստյանի, Հայաստան ժամանողների նոր ալիքի հետևանքով առաջացած արտաքին պահանջարկը և ակտիվ ներքին պահանջարկը հանգեցրել են գնաճի արագացման այն ոլորտներում, որտեղ գնային էական տեղաշարժեր չէին ակնկալվում:

«Այնպիսի գներ, որոնք չպետք է էապես շարժվեին, օրինակ` ծառայությունների ոլորտում, որոնք հիմնականում պահանջարկով են պայմանավորված, սկսել են նորից արագացման միտումներ ցույց տալ»,- ասաց նա։ Դրա հիմնական պատճառը, ըստ Գալստյանի, Հայաստան այցելությունների աճն է: 

Վերջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունները նվազել են։ ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու է ԿԲ-ն դրանք համարում պահանջարկ խթանող գլխավոր գործոն՝ Գալստյանը նշեց, որ պետք է տարանջատել ավանդական զբոսաշրջիկներին Հայաստան մշտական բնակության տեղափոխվածներից։

«Հիմնական տարբերությունն այն է, որ մարդիկ գալիս են և մնում։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե զբոսաշրջիկների թիվը նվազել է, քանի որ նախկինում գալիս ու վերադառնում էին։ Սակայն այժմ ժամանողները հաստատվում են այստեղ, ինչն էլ շարունակական պահանջարկ է ձևավորում։ Այդ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնում ոչ թե զուտ զբոսաշրջային հոսքերին, այլև այն այցելուներին, ովքեր մնում են և հավելյալ պահանջարկ են ստեղծում»,- պարզաբանեց նա։

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականության հնարավոր մեղմացման հեռանկարներին՝ Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տոկոսադրույքի նվազման անցնելու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունում ձևավորվի բացասական «թողարկման ճեղք», որը կենթադրի տնտեսական աճի տեմպերի էական դանդաղում: («Թողարկման ճեղքը» տնտեսության փաստացի արտադրանքի և այն մակարդակի տարբերությունն է, որը երկիրը կարող է կայուն ապահովել իր առկա ռեսուրսներով. բացասական ճեղքի դեպքում փաստացի արտադրանքը ներուժից ցածր է, իսկ պահանջարկի ու գնաճի ճնշումները՝ ավելի թույլ)։

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6%՝ գերազանցելով պետական բյուջեով տարվա համար թիրախավորված 5,6% ցուցանիշը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում