ԱՄԷ–ն տոնում է կանանց միամսյակը. ո՞րն է ամեն կնոջ հաջողության գաղտնիքը

Հրապարակվում է որպես գովազդ
«Յուրաքանչյուր կնոջ հաջողության հետևում շատ բան կա. նախևառաջ՝ բազմաթիվ այլ կանայք, որոնք նրա համար ճանապարհ են հարթել, ընտանիք, որն աջակցել է նրան, իշխանության ներկայացուցիչներ, որոնք հնարավորություններ են ստեղծել, և միջավայր՝ այդ հնարավորություններից օգտվելու համար»,- ասում է Հայաստանում ԱՄԷ դեսպան, Նորին գերազանցություն դոկտոր Նարիման Ալ Մուլլան, որը ժամանակին կտրուկ փոխել է իր կյանքը՝ սրտաբանությունից անցնելով գործարար ոլորտ, ապա՝ դիվանագիտություն։
Դոկտոր Նարիման Ալ Մուլլան Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներում ոչ վիրաբուժական սրտային միջամտությունների լավագույն և առաջատար մասնագետներից մեկն է։ Իր երկրում կանանց դերի և դրա ամրապնդմանն ուղղված քաղաքականության մասին նա խոսում է հանգամանալից ու մեծ, անկեղծ ոգևորությամբ։
Նրա խոսքով՝ այս ամիսը նշանակալից է էմիրաթցի կանանց համար, որոնք հայուհիների պես նշում են իրենց միամսյակը՝ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 28-ը։
1975 թվականի օգոստոսի 28-ին ԱՄԷ-ն՝ այն ժամանակ դեռ նորաստեղծ երկիր, պաշտոնապես հիմնեց մի կազմակերպություն, որը մեծապես փոխեց երկրի կանանց կյանքը՝ աջակցելով նրանց և հնարավոր բոլոր միջոցներով վերացնելով նրանց ճանապարհին առկա սոցիալական, իրավական ու մշակութային տարբեր խոչընդոտները։ Դրա շնորհիվ կանայք կարողացան ավելի ակտիվ մասնակցություն ունենալ նորաստեղծ պետության հասարակական կյանքին և դրա կառուցմանը։
Այս կազմակերպությունը կոչվում էր «Կանանց համընդհանուր միություն» (GWU) և հիմնադրվել էր Էմիրությունների համար չափազանց կարևոր անձի՝ Նորին գերազանցություն շեյխա Ֆաթիմա բինտ Մուբարաքի կողմից, որին շատերն անվանում են «Ազգի մայր»։ Նա Միացյալ Արաբական Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի կինն էր։
«Ազգի մայր» անունը շեյխա Ֆաթիմա բինտ Մուբարաքը ստացել է իր պետության կառուցման գործընթացներին մասնակցելու և երկրին նվիրվածության համար։
Վերադառնալով էմիրաթցի կանանց հատուկ օրվան՝ կարևոր է նշել, որ, առհասարակ, 1975-ը կանանց իրավունքների համար չափազանց կարևոր տարի էր նաև ամբողջ աշխարհում։ Հենց նույն թվականին ՄԱԿ-ը հայտարարեց Կանանց միջազգային տարի։ Կանանց աջակցությունն ու հզորացումը դանդաղ, բայց հստակ սկսեցին կարևոր տեղ զբաղեցնել միջազգային քաղաքականության հիմնական օրակարգում։
Երբ շեյխա Ֆաթիմա բինտ Մուբարաքը 1970-ականներին սկսեց զարգացնել կանանց միությունները, ԱՄԷ-ում կանանց գրագիտության մակարդակը դեռ կազմում էր մոտ 38%։ Այսօր GWU-ի տասնամյակների նվիրված աշխատանքի և բազմաթիվ կրթական արշավների շնորհիվ այդ ցուցանիշը զգալիորեն փոխվել է՝ հասնելով 95,8%-ի։
Ավելին՝ պետության հետևողական ռազմավարական մոտեցման շնորհիվ այսօր ԱՄԷ-ն Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) Գենդերային անհավասարության ինդեքսում (Gender Inequality Index կամ GII) զբաղեցնում է 13-րդ տեղն ամբողջ աշխարհում և առաջինը՝ ամբողջ արաբական տարածաշրջանում՝ ցույց տալով երկրում գենդերային անհավասարության ցածր մակարդակը (ըստ UNDP-ի 2025 թվականի տվյալների)։
Համեմատության համար՝ Հայաստանն այս ինդեքսում զբաղեցնում է 59-րդ տեղն աշխարհում։
Այս թվերը միասին արտացոլում են ԱՄԷ-ի կառավարության տարիների աշխատանքը՝ ուղղված կանանց հզորացմանը, ինչպես նաև այն մեծ ուշադրությունը, որ պետությունը հատկացնում է այս հարցին։
Դա երևում է նաև հատուկ պետական տոների նկատմամբ ուշադրությունից։ Այսպես, Էմիրաթցի կանանց միամսյակը, որը սովորաբար նշվում էր մեկ օր՝ օգոստոսի 28-ին, հենց այս տարի առաջին անգամ վերածվեց միամսյակի՝ իր հետ բերելով հատուկ տոնակատարություններ ու միջոցառումներ։
Այս տարվա տոնակատարությունների թեման՝ «Մենք դառնում ենք ավելի ուժեղ և ավելի լավը», հայտարարվեց շեյխա Ֆաթիմա բինտ Մուբարաքի կամ, ինչպես տեղացիներն են անվանում, «Ազգի մոր» կողմից։
Սրան զուգահեռ՝ 2026 թվականն ԱՄԷ-ում հռչակվել է Ընտանիքի տարի։
Առհասարակ, 2020-ից սկսած՝ ԱՄԷ-ի համար հետաքրքիր շրջան սկսվեց, որը հստակ ներկայացրեց պետության տեսլականը սոցիալական զարգացման և այդ գործընթացում կանանց դերի վերաբերյալ։ Այսպես՝ 2024 թվականին ստեղծվեց Ընտանիքի նախարարությունը։
Ընտանիքի կարևորության շեշտադրումը՝ կանանց հզորացման կարևորությանը զուգահեռ, ցույց է տալիս, թե ինչպես է այս պետությունն իրականում պատկերացնում սոցիալական զարգացումը և ինչպես է ինտեգրում փոփոխությունները։ Ոչ թե կտրուկ միջամտություններ, այլ մանրակրկիտ ու փոխկապակցված գործողություններ, որոնք հետևողականորեն ազդում են մարդկանց կյանքի տարբեր շերտերի վրա։
«Կանանց աջակցումը կետային ու մեկուսացված լուծում չունի»,- շեշտում է Նորին գերազանցություն դոկտոր Նարիման Ալ Մուլլան՝ մանրամասնելով, որ հասարակության ընդհանուր պատկերը փոխվում է միայն այն ժամանակ, երբ ստեղծվում է մի միջավայր, որն ունակ է կանանց տրված հնարավորությունները «մարսելու»։ Նա շարունակում է՝ նշելով, որ պետությունն ամեն միջոց ձեռնարկում է կանանց հավասար հնարավորություններ տրամադրելու համար՝ կրթության և զբաղվածության, մասնագիտական զարգացման և առաջնորդության ոլորտներում։
Սրանք պարզապես խոսքեր կամ արշավի առանձին հատվածներ չեն, այլ ԱՄԷ-ի քաղաքական ուղու իրական պատկերը։ Այստեղ կանայք ոչ միայն սոցիալական փոփոխությունների շահառուներն են, այլև դրանց կարևոր մասնակիցներն ու որոշումներ կայացնողները, որոնք լիովին ներգրավված են երկրի կյանքում և ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ամենաբարձր մակարդակներում։
ԱՄԷ-ում Դաշնային ազգային խորհրդի տեղերի 50%-ը, օրենքով, նախատեսված է կանանց համար, ինչը իրական հնարավորություններ է ստեղծում կանանց առաջնորդության զարգացման ու դրսևորման համար։
Այս ամենը, ընտանեկան արժեքների պահպանման հետ մեկտեղ, ստեղծում է կանանց առաջնորդության բավական հետաքրքիր ու եզակի մոդել՝ մարտահրավեր նետելով կարծրացած այն ենթադրությանը, թե քաղաքական կարիերա ունենալու համար կանայք պետք է զոհաբերեն ընտանեկան կյանքն ու անձնական երջանկությունը։
ԱՄԷ-ի բազմաթիվ կին առաջնորդներ իրենց կառավարման մեթոդներով նույնպես մարտահրավեր են նետում այս կարծրատիպերին ու նոր օրինակներ ստեղծում այլ կանանց համար։
«Յուրաքանչյուր մարդ ունի իր կարևոր դերը զարգացման ճանապարհին»։ ԱՄԷ-ի միջազգային համագործակցության հարցերով պետական նախարար Նորին գերազանցություն Ռիմ Ալ Հաշիմիի այս խոսքերն այստեղ ավելի քան դիպուկ են նկարագրում թե՛ ԱՄԷ-ի տեսլականը, թե՛ այն, թե ինչու են կանայք այնտեղ այդքան մեծ տեղ զբաղեցնում։
Թվերը, խոսքերն ու տարատեսակ վիճակագրությունը կարող են շատ բան պատմել ԱՄԷ-ում կանանց առաջընթացի մասին։ Բայց ավելի տպավորիչ են այն իրական կանայք, որոնք այդ բոլոր փոփոխությունների ու վիճակագրության մասն են կազմում, որոնք մասնակցում են որոշումների կայացմանը, ներկայացնում են իրենց երկիրը և ստեղծում դրա ապագան։
«Կանանց զարգացմանն ու աճին նպաստող ճիշտ միջավայր ստեղծելու համար պետք է նուրբ աշխատանք կատարել ողջ հասարակության և դրա բոլոր կողմերի հետ։ Ամեն ինչ փոխկապակցված է, և իրական աճի համար պետք է պահպանել հավասարակշռությունը»,- շեշտում է դոկտոր Նարիման Ալ Մուլլան՝ ընդգծելով, որ երկիրը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում կանանց առաջընթացն ապահովելու համար և այդ նպատակով վարում է ճկուն քաղաքականություն, իրականացնում կանանց աջակցության բազմաթիվ ծրագրեր, որոնցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես աշխատող մայրերին և խնամակալներին։
Նա շարունակում է՝ նշելով, որ ԱՄԷ-ի ազգային քաղաքականությունը մանրակրկիտ մշակված է ոչ միայն կանանց աջակցելու, այլև կանանց շուրջ գործող համակարգերը կրթելու և ամրապնդելու համար։
«Կանանց իրավունքներն ու նրանց համար հնարավորություններ ստեղծելը միայն կանանց մասին չէ։ Դա վերաբերում է յուրաքանչյուրին և ազդում հասարակության յուրաքանչյուր մասնիկի վրա, իսկ այդ ազդեցության հետքը մնում է տասնամյակներ շարունակ»,- եզրափակում է դոկտոր Նարիման Ալ Մուլլան՝ կին, որը գիտի ամեն ինչ մարդկային սրտի մասին, բայց նաև գիտի՝ ինչպես կարդալ հասարակության զարկերակն ու սահուն կերպով ինտեգրել փոփոխությունները։
Նա իր անձնական ու մասնագիտական զարգացմամբ և հաջողություններով իր երկրի որդեգրած քաղաքականության լավագույն մարմնավորումներից է։
2023 թվականին նշանակվելուց ի վեր դոկտոր Նարիման Ալ Մուլլան կարևոր դեր է խաղացել ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Նրա նուրբ քաղաքականությունը՝ մշակութային դիվանագիտության, վիզաների ազատականացման և ԱՄԷ-Հայաստան բիզնես ֆորումի մեկնարկի միջոցով, մեր երկու երկրներին հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչելու միմյանց։
Նրա համար կարևոր առաջնահերթություններից են նաև կանանց ներգրավվածության բարձրացումը և կին առաջնորդների ու ձեռնարկատերերի միջև մշակութային փոխանակումների համար ավելի շատ հնարավորությունների ստեղծումը։
Եվ մինչ մեր պետությունները սկսում են ավելի խորությամբ ճանաչել միմյանց ու ուսումնասիրել միմյանց մշակույթը, եկեք տեսնենք՝ արդյոք այս փոխանակումները կարող են ոգեշնչել մեր ակտիվ ու գործարար կանանց՝ մեզ համար կառուցելու հնարավորությունների, այլ ոչ թե սահմանափակումների աշխարհ։
Էլլա Կանեգարյան Բերբերյան











