Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է Հայաստանում գործող «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (RSC) տնօրեն, տարածաշրջանային հարցերով վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Հայտնում է «Ակոս» պարբերականը։
61-ամյա Կիրակոսյանը նախորդ շաբաթ աշխատանքային հանդիպման նպատակով մեկնել էր Ստամբուլ, որտեղ առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըստ թուրքական «Ակոսի»՝ նա ուղեղի արյունազեղում էր ստացել։
Կիրակոսյանը երկար ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Նա մահացել է սեպտեմբերի 19-ի երեկոյան։
Ռիչարդ Կիրակոսյանը խորհրդատվություններ էր տրամադրել Ասիական զարգացման բանկին, ԵՄ-ի՝ Հայաստանի պատվիրակությանը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը, ԵԱՀԿ-ին և ԱՄՆ պետքարտուղարությանը։ Նրա վերլուծությունները հրապարակվել են նաև Le Monde, The Moscow Times, Turkish Policy Quarterly և European Council on Foreign Relations-ի հարթակներում։
Կիրակոսյանը 2006 թվականին տեղափոխվել էր Հայաստան և մինչ մահը ղեկավարում էր «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը»։
Նրա հուղարկավորության արարողությունը կանցկացվի Հայաստանում։
Տեղադրություն
Կազմակերպություն











