Գլխավոր Լրահոս

«Գանձասարգեյթն» ու դրա հիմնական պատճառները

«Գանձասարգեյթն» ու դրա հիմնական պատճառները

Ադրբեջանի կառավարության՝ օտարերկրյա դիվանագետների համար Լեռնային Ղարաբաղ կազմակերպած այցը և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում բուռն արձագանքի արժանացան։ Այդ այցի հետ կապված ամենալուրջ գրգռիչը, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պահվածքն էր Գանձասար վանական համալիրում, երբ նա ոչ միայն կրկնեց վանքի աղվանական ծագման մասին քարոզչական թեզը, այլև ծաղրի ենթարկեց հայկական կողմին՝ դիվանագետներին ցույց տալով միջնադարյան մատյանի մուլյաժ և պնդելով, որ դա ապացուցում է հայերի կողմից պատմությունը կեղծելու ադրբեջանական թեզը։ 

Այս դրվագից հետո Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտի գրեթե բոլոր դերակատարները հրապարակայնորեն դժգոհություն հայտնեցին ադրբեջանական կողմի պահվածքի կապալացությամբ՝ ընդգծելով, որ այն հակասում է խաղաղ գործընթացի տրամաբանությանը և վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո հաստատված փոխըմբռնման մթնոլորտին։ 

Ադրբեջանական կողմը իր հերթին ոչ պաշտոանական խոսնակների, վերահսկվող լրատվամիջոցների միջոցով Հայաստանից հնչող այս բուռն արձագանքը որակեց որպես «հիստերիա» և «ռևանշիզմի դրսևորում»։ 

Հետաքրքական է, որ երկու կողմից էլ հնչում են կարծիքներ այն մասին, որ այս էսկալացիան արտացոլում է միջպետական բանակցություններում ի հայտ եկած ավելի լուրջ խնդիրներ։ Հայաստանում գերակայում է այն տեսակետը, որ Գանձասարում տեղի ունեցած միջադեպը այդ հնարավոր խնդիրների հետևանքն ու շարունակությունն է։ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող փորձագետներն էլ նշում են, որ այդ միջադեպից հետո Հայաստանից հնչող հայտարարությունները համակարգված ու ուղղորդված են՝ որպես փաստարկ բերելով այն հանգամանքը, որ այս թեմայով արտահայտվել են ինչպես պրոիշխանական, այնպես էլ չեզոք կամ հակաիշխանական դերակատարներ։ 

Իրականում մինչև օտարերկյան դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ և Գանձասարում տեղի ունեցած միջադեպը որևէ լուրջ նախանշաններ չկային, որ բացի հայտնի խնդրահարույց հարցերից, որոնք առկա էին բանակցային գործընթացում, ինչ-որ հավելյալ խնդիրներ են ի հայտ եկել։ Օգոստոսի 31-ին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել էին Բիշքեքում, որից հետո երկու կողմերն էլ վերջին տարվա պաշտոնական հռետորաբանությանը համապատասխանող, համաձայնեցված հաղորդագրություններ էին տարածել՝ կարևորություն տալով Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներին, նոր ձևավորվող տնտեսական փոխգործակցությանը և ԹՐԻՓՓ նախագծի իրագործմանը։ Միայն այն հանգամանքը, որ երկու պաշտոնական հաղորդագրությունների տեքստերը մեծամասամբ նույնական ու համաձայնեցված էին, ցույց է տալիս, որ առնվազն այդ հանդիպման ընթացքում ու դրանից հետո նոր լուրջ տարաձայնություններ ի հայտ չէին եկել։ Հանդիպմանը հաջորդած փուլում ևս որևէ արտառոց հայտարարություն երկու կողմից չէր հնչել, որը կարող էր հուշել նոր ի հայտ եկած խնդիրների մասին։ 

Այդ առումով տեղի ունեցածի համար ավելի լայն ու ռացիոնալ բացատրություններ գտնելու հակվածությունը ավելի շատ արտացոլում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների, խաղաղ գործընթացի և դրա ապագայի վերաբերյալ երկու հասարակություններում առկա տրամագծորեն տարբերվող պատկերացումները։ 

Ադրբեջանական պատկերացումը այն է, որ Հայաստանը, ընդունելով Բաքվի գրեթե բոլոր պահանջներն ու դիրքորոշումները, այլևս որևէ վերապահումներ չպիտի ունենա Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ հարցի վերաբերյալ։ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հիերարխիկ գործընթաց է, որը մասնագիտական գրականության մեջ բնութագրվում է «հաղթողի խաղաղություն» եզրույթով։ 

Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով ընդունելով այս տրամաբանությունը, ներքին լսարանի համար ներկայացնում էին խաղաղության այլ մոդել, որը ենթադրում է երկու կողմերի շահերի ներառում խաղաղ գործընթացում։ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանության մեղմացումը Վաշիգտոնյան գագաթնաժողովից հետո, ինչպես նաև վստահության կառուցմանը նպաստող մի քանի քայլերի իրականացումը հայաստանյան հասարակության մեջ ձևավորել էին պատկերացում այն մասին, որ Բաքվի մոտեցումներն ու պատումները Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ փոխվել են և դարձել ավելի նրբանկատ։ Իրականում Ադրբեջանի պաշտոնական խոսույթները, որոնք ձևավորվել էին տասնամյակներ շարունակ, որևէ տեղ չէին անհետացել։ Այն, որ Հայաստանի իշխանությունները, դառնալով հաստատված խաղաղության վերաբերյալ սեփական ներքաղաքական պատումի զոհը, ակտիվորեն անտեսում էին այդ խոսույթները, չէր նշանակում, որ դրանք այլևս գոյություն չունեին։

Նույնիսկ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Ադրբեջանի իշխանությունները ակտիվորեն շարունակում էին հովանավորել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իրեդենտիստական խոսույթը, մեղադրում էին արևմտյան և միջազգային կառույցներին մինչև 2020 թվականի պատերազմը Հայաստանին աջակցելուն ու ստատուս-քվոն պահպանելու քաղաքականության մեջ, ավելի փոքր ծավալներով, բայց, այնուամենայնիվ, շարունակում էին օգտագործել Հայաստանի կողմից խնդրահարույց համարվող «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Իսկ այն քայլերը, որոնք կարելի է որակել որպես կառուցողական կամ խաղաղությանը նպաստող, հիմնականում արվում էին ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության տրամաբանությունից ելնելով։ Այդպիսի քայլերի մեջ առաջին հերթին կարելի է ներառել Վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակում ստորագրված փաստաթղթերը, սեփական տարածքը դեպի Հայաստան տարանցման համար բացելը, ինչպես նաև Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերություններ հաստատելը։ 

Վաշինգտոնյան գագաթնաժողովի դեպքում Բաքուն պարզապես վաճառել է այդ գործընթացը՝ ԱՄՆ հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատելու դիմաց։ Իսկ մյուս երկու քայլերը նպատակ են հետապնդում կրկին Միացյալ Նահագներում տարբեր դերակատարների համոզելու, որ Ազատությանն աջակցության ակտի 907-րդ բանաձևը, որը 1992 թվականից արգելում է ԱՄՆ կառավարությանը պետական ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումն ու ագրեսիվ գործողությունները, այլևս կորցրել է արդիականությունը։ 

Այդ առումով Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հնչեցրած կեղծ գիտական թեզերը, ինչպես նաև ծաղրական ոճը, որով դա արվել է, ոչ պետք է ընկալել որպես ինչ-որ արտառոց զարգացում, ոչ էլ անակնկալ։ Ի հեճուկս Հայաստանում վերջին տարվա ընթացքում առկա ընկալումների՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ու չի պատրաստվում հրաժարվել այդ խոսույթներից։ Ավելին, Ադրբեջանը ակնկալում է նաև, որ Հայաստանը առնվազն ակտիվորեն չի հակադրվելու այս խոսույթներին՝ որպես հիմք ընդունելով «հաղթողի խաղաղության» գերակայող տեսլականը։ Հատկանշական է նաև, որ այս ակնկալիքը կա ոչ միայն Հայաստանի կառավարությունից, այլև հայաստանյան հանրությունից։ 

Խաղաղության տարբեր տեսլականների միջև առկա հակասությունների մեջ է պետք փնտրել այս վերջին լարվածության պատճառները։ Հայաստանի կառավարությունն ու փորձագիտական դաշտի մի հատվածը պարզապես դարձել են սեփական խոսույթների գերին։ Հաստատված խաղաղության մասին պատումը առաջ մղելու գործընթացում Հայաստանի իշխանություններն ու նրանց հարող շրջանակները գիտակցաբար անտեսում էին այն հանգամանքը, որ Ադրբեջանը Վաշինգտոնից հետո, մեծ հաշվով, չի հրաժարվել իր ոչ մի պատումից ու խոսույթից։ 

Այս իրավիճակը ի ցույց դրեց նաև այն, ինչ ակնհայտ էր ի սկզբանե։ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների հետ շփումները ոչ միայն որևէ ավելացված արժեք չեն ապահովում, այլև լեգիտիմացնում են այդ դերակատարներին, որոնք իրավիճակի չնչին փոփոխության դեպքում կրկին վերածվում են հակահայաստանյան քարոզչության գործիքների։ 

Միջադեպն արդեն իսկ որոշակի բացասական ազդեցություն է ունեցել ինչպես Բաքվի պաշտոնական հռետորաբանության, այնպես էլ ընդհանուր մթնոլորտի վրա։ Այս առումով մոտակա շրջանում Ադրբեջանի կողմից պետք է ակնկալել խաղաղ գործընթացի տարբեր օրակարգերում նոր արհեստական խոչընդոտներ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում