Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Ըստ թուրքական կողմի տեղեկությունների՝ Էրդողանը կարևորելով Հայաստանի հետ միջազգային հարթակներում աճող համագործակցությունը, Հայաստանի վարչապետին հրավիրել է COP-31-ի գագաթնաժողովին, որը երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում անցկացվելու է Թուրքիայում։
Թեմա











