Գլխավոր Լրահոս

«Հրազդան» մարզադաշտի վազքուղին կկառուցվի մեկ անձից գնման ընթացակարգով

«Հրազդան» մարզադաշտի վազքուղին կկառուցվի մեկ անձից գնման ընթացակարգով

«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի կկառուցվի «մեկ անձից» գնման ընթացակարգով։ Այս որոշումը հաստատվեց կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։ Կառուցող ընկերությունը «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն է, որը պատկանում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Տավրոս Գևորգյանին։

Սեպտեմբերի 24-ին կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում հավանություն տվեց մեկ անձից գնմանը։ Այս որոշմամբ գործադիրը «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ին նախատեսում է տրամադրել 600 մլն դրամ։

Ըստ որոշման՝ 2027-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում «պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ պետք է իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու, անհրաժեշտ ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ»։

Մեկ անձից գնման ընթացակարգը նախագծի հեղինակը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմնավորել է այն հանգամանքով, որ վազքուղին նախևառաջ անհրաժեշտ է Ֆրանկոֆոնիայի խաղերի համար, որոնք անցկացվելու են 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

Քանի որ «Հրազդան» մարզադաշտը մասնավոր սեփականություն է, պետական բյուջեից 600 մլն դրամի ներդրման դիմաց նախատեսվում է առաջիկա 20 տարվա ընթացքում մարզադաշտն օգտագործել պետական ծրագրերի, առաջնությունների, համերգների և «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզումների համար:

Այդուհանդերձ, ընկերությունը չի տեղադրելու վազքուղու բուն ռետինե ծածկույթը: Դրա համար կազմակերպվելու է առանձին մրցույթ։

«Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն ներկայում իրականացնում է նաև Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները։

Այն հիմնադրվել է 2020-ի ապրիլին։ Ընկերության միակ բաժնետերը Տավրոս Գևորգյանն է, որը բաժնեմասեր ունի նաև երկու այլ ընկերությունում։

Գևորգյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակի 79-րդ համարն էր, սակայն կուսակցության անդամ չի եղել։ Մամուլը դեռ այդ ժամանակ գրում էր, որ նա «ԴԱՀԿ նախկին ղեկավար ու ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի մտերիմն ու հովանավորյալն է»։ Ըստ հրապարակումերի մինչ խորհրդարանական ընտրությունները նա զբաղեցրել է ԴԱՀԿ ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում