Գլխավոր Լրահոս

Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից գերիների վերադարձի մասին է խոսել

Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից գերիների վերադարձի մասին է խոսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից գերիների վերադարձի մասին է խոսել։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացքող խաղաղության գործընթացին։

Վարչապետը շեշտել է, որ 2025-ի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։

Ըստ Փաշինյանի՝ Թրամփի անձնական ներկայությունը գործնական և խորհրդանշանական արտահայտություններ ունի նաև գետնի վրա։ Մեջբերելով խաղաղության հռչակագիրը Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը վճռական է բարեխղճորեն ձեռնարկել բոլոր միջոցները՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացմանը հնարավորինս արագ հասնելու համար։

«TRIPP նախագծի իրագործումն, ըստ այդմ, շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Հիմա մենք Միացյալ Նահանգների կառավարության հետ աշխատում ենք «TRIPP development company» ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։

Ըստ այդմ, սկզբնական շրջանում Հայաստանը 26 տոկոս բաժնեմաս կունենա «TRIPP development company»–ում, իսկ ԱՄՆ–ն՝ 74 տոկոս։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50-րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։

TRIPP նախագծի գործնական արտահայտություններից մեկը 2025-ի օգոստոսի 8-ին իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված և ԱՄՆ նախագահի կողմից՝ որպես վկա ստորագրված Խաղաղության հռչակագրի 3-րդ կետի իրագործումն է լինելու»,- ելույթում նշել է վարչապետը։

Հռչակագրի 3-րդ կետում նշված է․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների (այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի) միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

Վարչապետի համոզմամբ՝ TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ 

«Վաղ 90-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Չնայած, պետք է ընդգծել, որ 2025-ի օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, և հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։

TRIPP նախագծի իրագործումը Հայաստան-Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետև Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։

Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։

Բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։

TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև։

Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Սա կարևոր նրբություն է, որովհետև ցույց է տալիս, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Շուրջ 35 ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արևելքից արևմուտք երկաթուղուց բացի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, և սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ»,- ելույթում ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև հումանիտար խնդիրներին։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն կա Ադրբեջանի հետ։ 

«Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։

Այս հարցերի դեռևս չլուծված լինելու հետ մեկտեղ՝ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին»,- ելույթում ասել է Փաշինյանը։

Վարչապետի համոզմամ՝ խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի։

«Արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։

Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։

Մեր խնդիրը, սակայն, պատմական այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման վրա։ Սա, ի դեպ, ճշգրիտ այն խոսույթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնեցրել և նախաստորագրել են՝ երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում