Գլխավոր Լրահոս

Դատարաններն արձանագրել են Արցախի պայթյունի կապը ռազմական գործողությունների հետ․ փաստաբան

Դատարաններն արձանագրել են Արցախի պայթյունի կապը ռազմական գործողությունների հետ․ փաստաբան

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ դատարանները մի շարք վճիռներով արձանագրել են դրա կապը ռազմական գործողությունների հետ։ Փաստաբան Անուշ Շահրամանյանը ներկայացրել է այս հարցի վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան։

Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով գրանցվել է 219 զոհ, 22 անհետ կորած, շուրջ 300-ը վիրավորվել են։

Տես՝ Սեպտեմբերի 25. վերջին «կրակը» մարող Արցախում։

Փաստաբանի խոսքով՝ նման դատական ակտերի թիվն արդեն հասնում է 10-ի, իսկ 12 անձ ճանաչվել է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ բացակայող։ Նրա խոսքով՝ այդ որոշումները կարևոր նշանակություն ունեն նաև պայթյունի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների՝ «Զինապահի» շահառու ճանաչվելու հարցի համար։

Շահրամանյանի խոսքով՝ սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհված զինծառայողների մասով պետության կողմից խնդիրը արտադատական կարգով չլուծելու դեպքում ընտանիքները կարող են անհատական կարգով դիմել դատարան։

Միաժամանակ, ըստ փաստաբանի, քաղաքացիական զոհերի դեպքում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ նրանց համար նույն մեխանիզմը կիրառելու հստակ իրավական հիմք դեռ չկա։ Նրա խոսքով՝ զինծառայողների գործերով ձևավորվող դատական պրակտիկան կարող է հետագայում նաև քաղաքացիական զոհերի ընտանիքների հարցը նոր հարթության վրա դնել։

Դատարանի վճիռը՝ զինծառայողի ընտանիքին «Զինապահի» շահառու ճանաչելու հիմքով

2026 թվականի ապրիլի 6-ի վճռով վարչական դատարանը մասնակի բավարարել է զոհված զինծառայողի ընտանիքի անդամի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության։

Դատարանը նախարարությանը պարտավորեցրել է ընդունել վարչական ակտ՝ զինծառայողի մահը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն որպես հատուցման դեպք որակելու և նրա ընտանիքի անդամին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու ճանաչելու վերաբերյալ։

Դատարանը միաժամանակ անվավեր է ճանաչել ՊՆ-ի՝ ընտանիքի դիմումը մերժելու մասին գրությունը։

Վճռում դատարանը մանրամասն անդրադարձել է «Զինապահի» օրենքով նախատեսված հատուցման դեպքին։ Դատարանի գնահատմամբ՝ այդ օրենքի կիրառման համար էական է զինծառայողի մահվան և ռազմական գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։

Այս գործով դատարանը հաշվի է առել, որ պայթյունը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսված ռազմական գործողությունների և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում։ Դատարանի արձանագրած հանգամանքներից մեկն այն էր, որ վառելիքի պահեստի մոտ զինծառայողների և քաղաքացիական անձանց կուտակումը պայմանավորված էր Արցախում ստեղծված իրավիճակով և վառելիքի սուր պակասով։

Դատարանն անդրադարձել է նաև ավելի վաղ կայացված քաղաքացիական գործերով դատական ակտերին։ Դրանց մի մասով սեպտեմբերի 25-ի պայթյունից անհայտ կորած անձինք ճանաչվել են ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ բացակայող։ Վճռում հիշատակվում են նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումներ, որոնցում արձանագրվել է ռազմական գործողությունների և պայթյունի միջև կապը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում