«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը Ծիծեռնակաբերդի խճուղու էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը չի բացառել հրդեհի որևէ վարկած, այդ թվում՝ արտաքին կամ ներքին միջամտության հնարավորությունը։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 17։07-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների 11 մարտական հաշվարկ, ինչպես նաև համապատասխան հերթապահ խմբեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել 21։10-ին։












