Գլխավոր Լրահոս

Եկեղեցու տարածքում պեղումների պատճառով Վրաց ուղղափառ եկեղեցին և Ադրբեջանի իշխանությունները քննադատում են իրար

Եկեղեցու տարածքում ենթադրյալ պեղումները

Եկեղեցու տարածքում ենթադրյալ պեղումները

Լուսանկարները՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաց ուղղափառ եկեղեցու և Ադրբեջանի իշխանությունների միջև վեճ է սկսվել Վրաստանի սահմանին մոտ՝ Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցու ներսում և շրջակայքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկությունների պատճառով։

Սեպտեմբերի 24-ին տարածած հայտարարությունում Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը զգուշացրել է, որ «թե՛ բուն եկեղեցու ներսում, թե՛ դրա հարակից տարածքում իրականացվող ցանկացած միջամտություն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում»։ Հայտարարությանը կցված լուսանկարներում երևում են կարմիր-սպիտակ ժապավենով սահմանազատված պեղումներ։

«Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ թե՛ աշխատանքների անհասկանալի նպատակի, թե՛ վրացական մշակութային ժառանգության հուշարձանի վերականգնման աշխատանքներն առանց վրացական կողմի համաձայնության իրականացնելու վերաբերյալ»,- հայտարարել է պատրիարքարանը։

Վրաց եկեղեցին այդ վայրը անվանում է Քուրմուխիի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Ադրբեջանական կողմը այն անվանում է Քուրմուկի տաճար՝ պնդելով, որ տարածքում հնում եղել է Կովկասյան Աղվանքի տաճար։

Իր հայտարարությունում պատրիարքարանը նշել է, որ եկեղեցին Վրաստանի և վրաց եկեղեցու համար «պատմական ու հոգևոր ժառանգության» կարևոր հուշարձան է։

Սեպտեմբերի 25-ին կոշտ ձևակերպումներով պատասխան է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ ադրբեջանական պետական APA լրատվական գործակալությանը հայտարարելով, որ «Վրաստանի պատրիարքարանին նպատակահարմար չէ կրկնել Հայ եկեղեցու հայտնի մոտեցումները և գնալ նույն ճանապարհով»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վրաց եկեղեցու մեկնաբանությունները «հակասում են» երկու երկրների միջև բարեկամության և գործընկերության ոգուն։

«Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անուններով ներկայացնելն անընդունելի է»,- ըստ APA-ի՝ հայտարարել է նախարարությունը։

Հայտարարությունում նշվում է, որ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը «ռազմավարական գործընկերային հարաբերությունների կարևոր հիմքերից մեկն է»։

«Հենց այս առումով անհասկանալի է Վրաստանի պատրիարքարանի մոտեցումը, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։

«Կարևոր է, որ կրոնական կառույցները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված պատմական բարեկամությանն ու բարիդրացիական հարաբերություններին»,- շարունակել է նախարարությունը։

«Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են»,- եզրափակել է ԱԳՆ-ն։

Եկեղեցի տանող ճանապարհին, ըստ հաղորդումների, տեղադրված ցանկապատն ու նախազգուշացնող ցուցանակը
Եկեղեցի տանող ճանապարհին, ըստ հաղորդումների, տեղադրված ցանկապատն ու նախազգուշացնող ցուցանակը

Սեպտեմբերի 24-ին պատրիարքարանի հայտարարությունում նաև նշվում էր, որ պեղումների լուսանկարները Վրաստանի հասարակության շրջանում առաջացրել են «ուժեղ արձագանք և արդարացի վրդովմունք», ինչը «բացասաբար է անդրադառնում մեր բարիդրացիական հարաբերությունների և երկու հարևան պետությունների ու ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդման վրա»։

Եկեղեցու տարածքում ենթադրյալ պեղումները պատկերող լուսանկարները վրացական սոցիալական ցանցերում սկսել էին շրջանառվել պատրիարքարանի հայտարարությունից մոտ մեկ շաբաթ առաջ։ Սակայն պարզ չէ, թե լուսանկարներում երևացող փոսերը երբ են փորվել և երբ են ժապավենով սահմանազատվել։

Սեպտեմբերի 23-ին ևս մեկ լուսանկար էր տարածվել, որը, ըստ հաղորդումների, արվել էր նույն վայրում։ Դրանում երևում էին ցանկապատ և ադրբեջաներեն ցուցանակ՝ «Ուշադրություն․ իրականացվում են հնագիտական պեղումներ։ Մուտքն արգելվում է» գրությամբ։

Նշելով, որ աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանի որևէ պետական կառույց իրենց հետ կապ չի հաստատել՝ պատրիարքարանը շեշտել է դրանց բնույթը պարզելու «կարևորությունը» և Վրաստանի պետական մարմիններին կոչ արել ներգրավվել գործընթացում։

«Մենք կարծում ենք, որ միայն ժամանակին և համակարգված համագործակցության միջոցով է հնարավոր պատշաճ կերպով պաշտպանել և պահպանել վրացական հոգևոր ու մշակութային ժառանգության այս հուշարձանը»,- եզրափակել է պատրիարքարանը։

Գրեթե չգործող եկեղեցին գտնվում է Ադրբեջանի հյուսիսում՝ Գախի շրջանում, Վրաստանի սահմանի մոտ։ Վրաց եկեղեցին այն համարում է Վրաստանի մշակութային ժառանգության մաս։ Տարիների ընթացքում վրացական պատվիրակությունները, այդ թվում՝ պատրիարքարանի, խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչները, բազմիցս այցելել են այնտեղ՝ Սուրբ Գևորգի տոնը նշելու համար։

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, հուշարձանն անվանում է Քուրմուկի տաճար՝ պնդելով, որ այդ վայրում հնում գտնվել է Կովկասյան Աղվանքի տաճար, որի տեղում 19-րդ դարի վերջին Ռուսաստանի կայսրության «քրիստոնեացման քաղաքականության» շրջանակում կառուցվել է ռուս ուղղափառ եկեղեցի։

Կովկասյան Աղվանքը, որը կապ չունի Բալկաններում գտնվող ժամանակակից Ալբանիայի հետ, հին քրիստոնեական թագավորություն էր Հարավային Կովկասում։

Ադրբեջանը հաճախ միջնադարյան վանքերն ու այլ մշակութային ժառանգության հուշարձանները ներկայացնում է որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն՝ այդ կերպ հերքելով դրանց, սովորաբար, հայկական ծագումը՝ չնայած միջազգային գիտական շրջանակներում դրանց ծագման վերաբերյալ լայնորեն ընդունված գնահատականներին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում