2027-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա՝ սոցիալական փաթեթների չեղարկման և թաղման նպաստների կրճատման հաշվին։ Թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է կենսաթոշակների ավելացմանը։ Այս մասին հոկտեմբերի 1-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնել է, որ հունվարի 1-ից թաղման նպաստը համատարած տրամադրելու փոխարեն այն տրամադրվելու է միայն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիների ընտանիքներին։
Կենսաթոշակների բարձրացման ծրագրի շրջանակում պետական բյուջեից լրացուցիչ հատկացվելու է մոտ 5,5 մլրդ դրամ։ Նախարարի փոխանցմամբ՝ նվազագույն կենսաթոշակը, որն այժմ 46,000 դրամ է, դառնալու է 47,000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի հաշվարկում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է 500 դրամի ավելացում։ Զուգահեռաբար բարձրացվելու են նաև զինվորական կենսաթոշակներն ու տարատեսակ նպաստները։
Կառավարությունը որոշել է դադարեցնել նաև 2012-2013-ից գործող սոցիալական փաթեթի ծրագիրը՝ հաշվի առնելով պետական համակարգում աշխատավարձերի աճն ու առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը։
«Շահառուների բանկային հաշիվներում կուտակված շուրջ 13 մլրդ դրամը պահպանվելու է, իսկ դրանց ծախսման ուղղությունները կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ»,-ընդգծել է Թորոսյանը։
Հունվարի 1-ից նախատեսվում է նաև հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկում առողջության ապահովագրության համակարգում։ Այս փոփոխությունների համար մշակված օրենսդրական նախագծերը սահմանված կարգով կդրվեն շրջանառության մեջ և կքննարկվեն Ազգային ժողովում։












