«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել դաշինքի անդամ Արթուր Օհանյանի կալանավորման վերաբերյալ՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում։
Հոկտեմբերի 2-ին «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվեց։ Ավելի վաղ նա ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ Արթուր Օհանյանը։
«Հայաստան» դաշինքը հայտարարության մեջ պնդում է, որ Օհանյանի նկատմամբ հետապնդման ժամանակը պատահական չէ և այն կապում է Վանաձորում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ։
«Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում»,- ասված է դաշինքի հայտարարությունում։
Դաշինքը պահանջում է անհապաղ դադարեցնել Օհանյանի նկատմամբ, իր ձևակերպմամբ, «քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը» և կոչ է անում իրավապաշտպան ու միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին։












