Գլխավոր Լրահոս

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին ևս 500 մլն դրամ կհատկացվի

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին ևս 500 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացնի։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծրագրից օգտվելու դիմումների աճի պատճառով մինչև տարեվերջ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում։

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար 500 մլն դրամ հատկացնելու որոշումը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 2026-ի համար ծրագրի սկզբնական բյուջեն կազմել է մոտ 2,4 մլրդ դրամ, սակայն դիմումների ակտիվության պատճառով մինչև տարեվերջ անհրաժեշտ է ևս 500 մլն դրամ։

Նախարարության հիմնավորման համաձայն՝ օգոստոսի 28-ի դրությամբ ծրագրի շրջանակում 2026-ին արդեն աջակցություն էր ստացել 2,425 շահառու, որոնց վճարվել էր ավելի քան 2,09 մլրդ դրամ։

Լրացուցիչ 500 մլն դրամը նախատեսվում է հատկացնել 2026-ի երրորդ և չորրորդ եռամսյակներին դիմած կամ դիմող շուրջ 626 շահառուներին աջակցություն տրամադրելու համար։

Միջոցները կվերաբաշխվեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման միջոցառումից։ Նախարարության հաշվարկով՝ այդ ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջանա։

Ծրագրից 2020-ից օգտվել է 17,609 շահառու

Արսեն Թորոսյանի ներկայացրած տվյալներով՝ ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 17,609 շահառու։ Ընդհանուր վճարված գումարը կազմում է շուրջ 13,2 մլրդ դրամ։

Նախարարի խոսքով՝ կան նաև ընտանիքներ, որոնք ծրագրից մեկից ավելի անգամ են օգտվել՝ հաջորդ երեխայի ծնվելուց հետո։

«Սա նաև ցույց է տալիս, որ ծրագիրն իրոք ազդում է ընտանիքների՝ երեխա ունենալու որոշում կայացնելու վրա»,– ասել է Թորոսյանը։

Գործող ծրագիրը նախատեսված է մինչև 2026 -ի դեկտեմբերի 31-ը։ Թորոսյանի խոսքով՝ կառավարությունն արդեն պատրաստում է նոր ծրագիր, որը հիմնված կլինի գործող ծրագրի տրամաբանության վրա, սակայն կունենա մի շարք փոփոխություններ։

Նոր ծրագրի առաջարկվող տարբերակով՝ աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից և հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափից։

Գործող կարգավորմամբ աջակցությունը սկսվում է 500 հազար դրամից և ավելանում՝ կախված երեխայի հերթականությունից։

Նախատեսվում է նաև փոխել բնակարանի արժեքի առավելագույն շեմը։ Եթե գործող ծրագրով աջակցությունը չի տրամադրվում 35 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի դեպքում, նոր ծրագրում շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 40 մլն դրամ։

Նոր ծրագրով նախատեսվում է նաև խստացնել բնակելի այլ գույք չունենալու պահանջը։

Թորոսյանի ներկայացմամբ՝ գործող ծրագրով ընտանիքը պետք է այլ բնակելի գույք չունենա։ Նոր տարբերակով նախատեսվում է նաև հաշվի առնել նախորդ 12 ամիսը․ ընտանիքը չպետք է այդ ժամանակահատվածում բնակելի գույք օտարած լինի։

Նախարարը նշել է, որ նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է դեպքերով, երբ գույքի օտարումը կարող է նախապես կազմակերպվել ծրագրից օգտվելու նպատակով։

Մարզային բաղադրիչը նախատեսվում է չշարունակել

Նոր ծրագրում կառավարությունը չի նախատեսում պահպանել առանձին մարզային բաղադրիչը։

Ըստ Թորոսյանի՝ գործող ծրագրի փորձը ցույց է տվել, որ այդ բաղադրիչից քիչ են օգտվում։ Ծրագրից ամենաշատը օգտվել են Կոտայքի մարզի, մասնավորապես՝ Երևանին մոտ համայնքների բնակիչները։

«Պարզվել է, որ այս ծրագրից մեր քաղաքացիներն ամենաշատն օգտվել են Կոտայքի մարզում՝ երևանամերձ համայնքներում, և սա չի բերել ապակենտրոնացման. այսինքն՝ ավելի հեռու մարզերում, որտեղ, ի դեպ, ավելի մատչելի կլիներ տուն ձեռք բերելն ու կառուցելը, նման ժողովրդականություն չի եղել»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նոր ծրագիրը կտարածվի բոլոր համայնքների վրա՝ առանց առանձին մարզային բաղադրիչի։

Նախարարությունը նախատեսում է նոր ծրագրի նախագիծը վերջնականացնել հրապարակային քննարկումներից և առաջարկներից հետո և մինչև տարեվերջ ընդունել այն՝ գործող ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։

Կառավարության նիստում 500 մլն դրամի վերաբաշխման որոշումն ընդունվեց առանց առարկությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում