Գլխավոր Լրահոս

Հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, կան լուծում պահանջող հումանիտար խնդիրներ. Փաշինյան

Հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, կան լուծում պահանջող հումանիտար խնդիրներ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է, իսկ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովում ունեցած ելույթում։

Վարչապետի խոսքով՝ համաձայնագրի նախաբանում հղում է արվում 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին, իսկ առաջին և երկրորդ հոդվածներով կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, քաղաքական անկախությունը և հաստատում, որ չունեն ու հետագայում ևս չեն ներկայացնի տարածքային պահանջներ։ Փաշինյանն ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընկած է նաև պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացի հիմքում, ինչն արձանագրված է 2024-ին ստորագրված և վավերացված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում։

«Եթե նայենք այս տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հետ և մեր միջազգային գործընկերների օգնությամբ մենք հասել ենք անհնարինին, և մենք պետք է ամեն օր հոգ տանենք ձեռք բերված խաղաղության մասին, պահպանենք այն, քանի որ այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդներին»,- ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը նշել է, որ հաստատված խաղաղությունն կատարյալ չէ, և դեռևս առկա են լուծում պահանջող հումանիտար խնդիրներ։

«Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով խաղաղության հասնելու ընթացքին՝ Հայաստանի ղեկավարը նշել է 2020-ի նոյեմբերին հրադադարի հաստատման գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած հանդիպումը, որով վերականգնվել է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների կիրառումը։ Նա արձանագրել է, որ արդեն ավելի քան երկու տարի փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, շուրջ մեկ տարի ադրբեջանական երկաթուղին բաց է հայկական բեռների համար, սկսվել է երկկողմ առևտուր, և դելիմիտացվել ու դեformatացվել է սահմանի 12 կիլոմետրանոց հատված։

«Պետք է խոստովանել, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկանխեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էսկալացիան։ Ավելի քան 30 տարի հակամարտությունը տեղի է ունեցել Ալմա-Աթայի հռչակագրի գոյության պայմաններում, և նրա գոյությունը կարծես աննկատ էր։ Լիարժեք խաղաղության հաստատման համար անհրաժեշտ էր, պատկերավոր ասած, վերածնել այն»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվում է իրականացնել TRIPP նախագիծը, որը, Վաշինգտոնի հռչակագրի համաձայն, ապահովելու է հաղորդակցությունների ապաշրջափակումը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխափան կապը Հայաստանի տարածքով, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային ու հարավային շրջանների կապը Նախիջևանով՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։ Նախագիծը նոր տարանցիկ հնարավորություններ է բացելու Արևելք-Արևմուտք և Հարավ-Հյուսիս ուղղություններով, այդ թվում՝ Պարսից ծոցից Սև ծով երկաթուղային հաղորդակցության համար Իրանի, Նախիջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով։ Նա նաև նշել է, որ սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի բացումն ու ենթակառուցվածքների վերականգնումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում