Արցախից տեղահանված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ավելի քան 53 հազար դիմում, որոնցից 45 հազարից ավելին արդեն բավարարվել են։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Անդրադառնալով փաստաթղթային խնդիրներին, մասնավորապես՝ ծննդյան վկայականների բացակայությանը, փոխնախարարը նշել է, որ դրանք օրենսդրական պահանջ են քաղաքացիության տրամադրման գործընթացի համար։ Դատական քաշքշուկներից խուսափելու նպատակով կիրառվում է նոտարական պարզեցված մեխանիզմ փաստերի հաստատման համար։
«Առանց ծննդյան վկայականի քաղաքացիության շնորհման գործ չի կարող լինել, դա տրամաբանական կառուցակարգ է, նախատեսված է քաղաքացիության մասին օրենսդրությամբ։ Արդարադատության նախարարության մեր գործընկերներն առաջարկում են նոտարական մեխանիզմը, որն արդեն իսկ սկսել է կիրառվել, և նախատեսում են նաև տուրքերից ազատում, ինչը ևս կնպաստի մեր հայրենակիցների բեռի թեթևացմանը»,- ասել է փոխնախարարը։
Խոսելով քաղաքացիության տրամադրման ժամկետների հնարավոր ձգձգումներից՝ Արմեն Ղազարյանը պարզաբանել է, որ օրենքով սահմանված առավելագույն ժամկետը վարույթի մեկնարկից սկսած 90 աշխատանքային օր է, և նման խախտումները եզակի են։ Նա ընդգծել է, որ առկա թյուրընկալումները կապված են այն հանգամանքի հետ, երբ քաղաքացիները վարույթի սկիզբ են համարում փաստաթղթերի հավաքման փուլը, մինչդեռ պաշտոնական վարույթը մեկնարկում է միայն փաստաթղթերը վարչական մարմին ներկայացնելու և իսկությունը ստուգելու պահից։
Փոխնախարարը հավելել է, որ անհրաժեշտ վարչարարական և թվային գործիքակազմերն արդեն իսկ ներդրված են, և այժմ հիմնական անհրաժեշտությունը նոտարական ընթացակարգերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է, որպեսզի քաղաքացիներն առավել լայնորեն կիրառեն այդ հնարավորությունները։












