Գլխավոր Լրահոս

Մեր առաջիկա ամենակարևոր անելիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ մինչև 2031-ը. Փաշինյան

Մեր առաջիկա ամենակարևոր անելիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ մինչև 2031-ը. Փաշինյան

Մեր առաջիկա ամենակարևոր անելիքն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է՝ մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ։

«Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց ես նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել՝ մինչև 2031 թվականը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ սա նաև գործադիր իշխանության և քաղաքական թիմի անելիքն է, սակայն որպես վարչապետ՝ նա անձնական օրակարգի առումով առանցքային է համարում խնդրի լուծումը նշված ժամկետում։

Վարչապետն ընդգծել է, որ տեսնում է այդ նպատակին հասնելու հնարավորությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել հարցը բարձրաձայնելու համար։

«Այնպես չէ, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես տեսնում եմ, որ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով, և առաջիկայում մենք պետք է կենտրոնացած լինենք այս օրակարգի վրա»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության օրակարգը չի նշանակում երկրորդ պլան մղել մյուս ռազմավարական ծրագրերն ու նախագծերը, այդ թվում՝ հեղափոխության ժամանակ ձևավորված օրակարգերը, կոմունիկացիաների բացումն ու տնտեսական զարգացումը։

«Հեղափոխության ժամանակ գեներացված օրակարգերը, մեր ռազմավարական ծրագրերը ամենևին երկրորդ պլան չմղելով՝ կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում և այլն, այնուամենայնիվ այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար, իմ անձնական աշխատանքային օրակարգի համար, գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համաձայնագրի կնքումով ու վավերացումով կամփոփվի հայ ժողովրդի պատմության կարևոր փուլերից մեկը և կսկսվի նոր շրջափուլ։

Վերջին օրերին վարչապետն ամենօրյա ռեժիմով է սկսել խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ու վավերացնելու մասին։ Հոկտեմբերի 13-ին վարչապետն իր սոցիալական էջերում տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, որ պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագվիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։

Հոկտեմբերի 14-ին ևս վարչապետը մի տեսանյութ հրապարակեց, որւմ ասում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի որևէ կողմում անկլավներ և էքսկլավներ չլինեն։ Վարչապետը նաև նշել էր, որ կողմերը չպետք է միմյանց որևէ պահանջ ներկայացնեն բոլոր հարցերում, ներառյալ Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կամ «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ, և պետք է հանգիստ թողնեն միմյանց։

Նա նաև իր նախնական տպավորությունն էր ներկայացրել, ըստ որի՝ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա։ Վարչապետի խոսքով՝ ինքն այդ տպավորությունը ստացել է Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով։

Վարչապետը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին սկսել է ինտենսիվ խոսել ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիք ներթափանցումից հետո։ Վարչապետն ու իշխանության անդամները պնդում են, որ ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէ, և դեպքը շարքային կրիմինալ է։ Չնայած իշխանության պնդումներին, հանրության շրջանում կասկածներ կան, որ, այնուամենայնիվ, դիվերսիոն ներթափանցում է եղել, և որ մոլորված զինվորը չէր կարող այդքան խորանար ու հայտնվեր Շաքի բնակավայր։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում