Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերությունը պետք է այնպես զարգանա, որ քաղաքացիներն այն իրենցը համարեն և չունենան օտարության կամ շահագործման զգացում։ Նա այս մասին խոսել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ում։
Փաշինյանը նշել է, որ ոլորտի մեծ հնարավորությունների կողքին կան նաև խնդիրներ, այդ թվում՝ բնապահպանական։ Նրա դիտարկմամբ՝ որքան մարդիկ իրենց ներգրավված են զգում և տեսնում են հանրային օգուտը, այնքան դրական է դառնում վերաբերմունքը։ Կառավարությունն արդեն բաժնեմաս ունի որոշ ընկերություններում, բայց, ըստ վարչապետի, դրանք եղել են իրավիճակային որոշումներ, մինչդեռ պետք է համակարգային մոտեցում։
«Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը Հայաստանի Հանրապետությունում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու։ Ես նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարում պետական բաժնեմասերով կառավարությունը հենց ուզում է օրինակ ծառայել այս գործընթացի համար։ Ամուլսարի մասին խոսելիս նա նշել է, որ հանքը հանգիստ պայմաններում է գործարկվել, քանի որ հանրությունն իրեն ավելի ներգրավված է զգացել։












