Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով դատապարտված վեց վրացի ազատ է արձակվել

Ազատ արձակված բանտարկյալներից մեկը հանդիպում է ընտանիքի անդամին

Ազատ արձակված բանտարկյալներից մեկը հանդիպում է ընտանիքի անդամին

Լուսանկարը՝ Մարիամ Քավշբաիայի/Publika

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների գործով դատապարտված վեց անձ ազատ է արձակվել բանտից՝ դատախազության հետ մեղքի ընդունման համաձայնագրեր կնքելուց հետո։

Publika-ն հայտնում է, որ Կախաբեր Կվաչանտիրաձեն, Գիորգի Թալախաձեն, Դավիթ Գիունաշվիլին, Յուրի Լոմիձեն, Միխեիլ Տոլարաիան և Գիա Տոլարաիան մեկ տարվա ազատազրկումից հետո դուրս են եկել Գլդանիի բանտից։

Դատախազությունը նրանց բոլորին մեղադրել էր կազմակերպված խմբային բռնությանը մասնակցելու մեջ։ Հունիսի 14-ին նրանք մեղքի ընդունման համաձայնագրեր էին կնքել և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման ու երեք տարվա փորձաշրջանի։

Բանտից դուրս գալուց հետո TV Pirveli-ի հետ զրույցում Կվաչանտիրաձեն ասել է, որ ազատություն է մաղթում բոլոր քաղբանտարկյալներին և մյուս մարդկանց, որոնց ինքն անվանում է «հայրենասեր և արժանապատիվ»։ Նա նաև հույս է հայտնել, որ համաներում կկիրառվի այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց կալանավորումն անարդար են համարում։

«Նոր բան չեմ ասի՝ ամբողջ երկիրը գիտի, թե ինչպիսի իշխանություն ունենք։ Երբեմն ռազմավարական նպատակին հասնելու համար մարտավարական նահանջ է անհրաժեշտ»,- ասել է Կվաչանտիրաձեն։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 4-ի գործով մեղադրյալ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գիորգի Կիրվալիձեն կրկին կալանավորվել է՝ յոթօրյա վարչական կալանքը կրելուց և Գուրջաանիի մեկուսարանից դուրս գալուց հետո։

Ակտիվիստների հրապարակած տեսանյութում լսվում է, որ նրան մեղադրում են Վրաստանի քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մեջ, որը վերաբերում է դատավորին վիրավորելուն։ Այդ արարքը պատժվում է տուգանքով, մեկից երկու տարվա ուղղիչ աշխատանքներով կամ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Կիրվալիձեն յոթօրյա վարչական կալանքի էր դատապարտվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին վիրավորելու համար։ Դատարանի որոշմանն ի պատասխան նա դատավոր Թոռնիկե Կոչկիանիին ասել էր․ «Դուք սովորական ստրուկ եք՝ Բիձինայի ստրուկը»։ TV Pirveli-ի հաղորդմամբ՝ նույն նիստի ընթացքում Կիրվալիձեն կրկին վիրավորել էր Իվանիշվիլիին։

Կիրվալիձեն հոկտեմբերի 4-ի գործով ավելի քան 30 այլ մեղադրյալների հետ դիմել էր դատախազությանը՝ մեղքի ընդունման համաձայնագիր կնքելու համար։ Համաձայնագրի պայմաններով նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման և երեք տարվա փորձաշրջանի։

Սակայն օգոստոսի վերջին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը դատախազության պահանջով չեղարկել էր մեղքի ընդունման համաձայնագիրը։ Բողոքարկման նիստում Կիրվալիձեն ասել էր, որ համաձայնագրի քննարկման ժամանակ իր արած հայտարարությունները հուզված վիճակի հետևանք էին։

Կիրվալիձեին մեղադրանք էր առաջադրվել խմբային բռնությանը մասնակցելու և ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ գրավելու ու շրջափակելու փորձի համար։

«Խաղաղ հեղափոխություն»

Հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիան նախատեսված էր անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք մեծապես բոյկոտվում էին։ Ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ խոստացել էին մեկ օրում վերջ դնել «Վրացական երազանքի» 13-ամյա իշխանությանը, սակայն որևէ հստակ ծրագիր չէին ներկայացրել։

Ակցիան ներկայացվում էր որպես «խաղաղ հեղափոխություն», որը պետք է հասներ նրան, ինչ ամիսներ շարունակ առանց առաջնորդի ընթացող բողոքներին չէր հաջողվել։

Սկզբում կազմակերպիչների ջանքերը կարծես արդյունք տվեցին։ Այդ օրը Թբիլիսիի կենտրոնում հավաքվեցին տասնյակ հազարավոր մարդիկ՝ կարճ ժամանակով նոր թափ հաղորդելով թուլացող ամենօրյա բողոքներին։

Սակայն շուտով իրավիճակը քաոսային դարձավ․ օպերային երգիչ և ընդդիմադիր գործիչ Պաատա Բուրճուլաձեն հայտարարեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավան կոչ արեց շարժվել դեպի նախագահական պալատ։ Այնուհետև փոքր խումբը ճեղքեց պալատի ցանկապատի մի հատվածը, սակայն հատուկջոկատայինները արագ հետ մղեցին նրանց, ինչից հետո տեղ-տեղ բախումներ սկսվեցին։

Բազմությունը բաժանվեց, դժգոհությունը տարածվեց, և հանրահավաքը մարեց։

Իշխող կուսակցությունը նախագահական պալատի մոտ տեղի ունեցած միջադեպն արագ օգտագործեց հակակառավարական շարժման դեմ հերթական հարձակումների համար՝ այն, ինչպես նախկինում բազմիցս, ներկայացնելով որպես բռնի և արտերկրից կազմակերպված հեղաշրջման փորձ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում