Եվրոպայում վառելիքի և կյանքի թանկացումը բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել՝ միաժամանակ ուժեղացնելով ծայրահեղ աջ քաղաքական ուժերի դիրքերը, գրում է reouters-ը։
Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում քաղաքացիները բողոքում են կյանքի թանկացման, վառելիքի բարձր գների, ցածր աշխատավարձերի և բնակարանային խնդիրների դեմ։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ փետրվարին սկսված ԱՄՆ-Իրան պատերազմը, առևտրի և էներգետիկ շուկաների խափանումների հետևանքով, Եվրոպային հասցրել է շուրջ 100 միլիարդ եվրոյի տնտեսական վնաս։ Գազի գներն աճել են մոտ 140 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները կրկնապատկվել են։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են վերջին տասնամյակների ամենալուրջ անկարգություններից մեկի։ Փարիզի հյուսիսային արվարձաններում դպրոցների շենքերի վատթար պայմանների դեմ սկսված ցույցերն ընդլայնվել են։ Արձանագրվել են խանութների թալան, շենքերի հրկիզումներ, իսկ Լիմոժ քաղաքում հրդեհվել է 19-րդ դարի քաղաքապետարանի շենքը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգստյան օրերին ունեցած ելույթում ընդունել է կյանքի և վառելիքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների պահանջների իրավաչափությունը, սակայն դատապարտել բռնություններն ու թալանը։ Նա ընդգծել է, որ բողոքողներին չպետք է նույնացնել ավերածությունների և թալանի մասնակիցների հետ։
Իտալիայում բողոքի ցույցեր են անցկացրել գյուղատնտեսության, բեռնափոխադրումների և պողպատաձուլական արդյունաբերության ոլորտների աշխատողները։ Սիցիլիայի հարավային ափին գտնվող Ջելա քաղաքում ֆերմերները հայտարարել են, որ վառելիքի թանկացման պատճառով գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումը դարձել է չափազանց ծախսատար։
Կալտանիսետա նահանգի ֆերմերների ներկայացուցիչ Արկանջելո Գամբինոյի խոսքով՝ աշխատանքները գործնականում կանգ են առել, քանի որ վառելիքի արժեքն ավելի քան կրկնապատկվել է։ Բողոքի մասնակիցների պաստառներից մեկին գրված է եղել. «Մենք մշակում ենք հողը, հավաքում՝ պարտքեր»։
Հարավային Իտալիայի մի շարք շրջաններում բեռնատարների վարորդների, ֆերմերների և պողպատաձուլական արդյունաբերության աշխատողների կազմակերպած ճանապարհային շրջափակումները խաթարել են տրանսպորտային հաղորդակցությունը, առաջացրել վառելիքի տեղական պակաս և մտահոգություններ սուպերմարկետների մատակարարումների վերաբերյալ։
Միլանում կիրակի օրը ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել հանրային ծառայությունների վատ որակի և կյանքի թանկացման դեմ բողոքի ընթացքում։ Ցուցարարները քարեր են նետել, արձանագրվել են նաև խանութների թալանի դեպքեր։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով ցածր աշխատավարձերից, բնակարանային ծախսերից և կյանքի թանկացումից։ Ցույցերն ուժեղացրել են ճնշումը երկրի աջ կենտրոնամետ կառավարության նկատմամբ։
Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից վտարելու դեպքը համազգային բողոքի ցույցերի առիթ է դարձել։ Ցուցարարները բարձրացրել են բնակարանների պակասի և վարձավճարների կտրուկ աճի խնդիրները։ Իրադարձությունները նպաստել են հաջորդ ամսվա համար արտահերթ ընտրությունների նշանակմանը։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Բելգիայում։ Ալբանիայում զանգվածային հանրահավաքների հիմնական պատճառներն են կառավարության ենթադրյալ կոռուպցիան, աշխատատեղերի պակասը և կրթության ցածր որակը։
Կյանքի թանկացումը՝ նախընտրական պայքարի առանցքում
Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի՝ Sciences Po-ի քաղաքագետ Ժիլ Իվալդիի գնահատմամբ՝ բնակչության գնողունակության վերաբերյալ մտահոգությունները դարձել են Եվրոպայում պոպուլիստական քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Ֆրանսիայում վառելիքի թանկացումը կարևոր թեմա է դարձել հաջորդ տարվա ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ։ Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և ծայրահեղ ձախ քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնը վառելիքի գները դարձրել են իրենց նախընտրական քարոզարշավների առանցքային հարցերից մեկը։
Լը Պենն առաջարկում է կտրուկ նվազեցնել վառելիքի ավելացված արժեքի հարկը։ Այս նախաձեռնությունը լայն աջակցություն է ստացել հանրության շրջանում, հատկապես գյուղական և կիսագյուղական բնակավայրերում, որտեղ ավտոմեքենան հաճախ անհրաժեշտ փոխադրամիջոց է։
Elabe ընկերության հարցումների համաձայն՝ Իրանի պատերազմի սկսվելուց հետո Լը Պենի վարկանիշը բարձրացել է, մինչդեռ Մակրոնի վարկանիշը նվազել է։
Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն առաջատար դիրք է զբաղեցնում համազգային սոցհարցումներում՝ տեղական ընտրություններում գրանցած հաջողություններից հետո։
Այս ամիս հրապարակված հարցման համաձայն՝ կյանքի թանկացումը հինգերորդ տարին անընդմեջ գերմանացիների գլխավոր մտահոգությունն է։ Սեպտեմբերին Գերմանիայում գնաճը հասել է գրեթե երեք տարվա առավելագույն մակարդակին, իսկ էներգակիրների տարեկան գնաճը կազմել է 14,9 տոկոս։
AfD-ն հանդես է գալիս Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի վերականգնման օգտին՝ պնդելով, որ Ուկրաինային Բեռլինի աջակցությունը վնասում է Գերմանիայի տնտեսությանը։
Մյունխենի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Յան Շտեկելի գնահատմամբ՝ նախկին փորձը ցույց է տալիս էներգակիրների բարձր գների և AfD-ի օգտին քվեարկության միջև կապը։ Նրա խոսքով՝ պոպուլիստական կուսակցությունները հաճախ էներգիայի թանկացումը ներկայացնում են որպես կառավարության որոշումների հետևանք՝ անտեսելով դրա հիմքում ընկած աշխարհաքաղաքական ցնցումները։
Ռուսաստանի հետ էներգետիկ կապերը վերականգնելու կոչեր
Էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ քաղաքական ուժերի մի մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության վերականգնման օգտին՝ դա ներկայացնելով որպես ծախսերի նվազեցման միջոց։
Իտալիայում վարչապետ Ջորջա Մելոնին աճող մրցակցության է բախվում նախկին բանակային գեներալ Ռոբերտո Վաննաչիի գլխավորած նոր ծայրահեղ աջ «Ազգային ապագա» կուսակցության կողմից։ Վերջինս պաշտպանում է Ռուսաստանի հետ գազային կապերի վերականգնման գաղափարը։
Լեհաստանում, որը Ուկրաինայի ամենաակտիվ աջակիցներից է, էներգակիրների վճարների վերաբերյալ մտահոգությունները նպաստում են ծայրահեղ աջ «Լեհական թագի համադաշնություն» կուսակցության աջակցության աճին։
Կուսակցության առաջնորդ Գժեգոժ Բրաունը կոչ է արել վերսկսել ռուսական նավթի և գազի գնումները։ Նա այդ դիրքորոշումը ներկայացրել է նաև AfD-ի քաղաքական գործիչների հետ Գերմանիայի Լուբմին քաղաքում, որտեղ ափ են դուրս գալիս վնասված «Հյուսիսային հոսք» գազատարները։
«Ես սիրում եմ առավոտյան ռուսական գազի հոտը»,- հայտարարել է Բրաունը։
Եվրոպայում ընթացող բողոքի ցույցերն ու քաղաքական զարգացումները տեղի են ունենում համավարակից և 2022-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ձևավորված տնտեսական դժվարությունների պայմաններում։ Էներգակիրների հերթական թանկացումը լրացուցիչ ճնշում է գործադրում կառավարությունների վրա, որոնք միաժամանակ փորձում են զսպել գնաճը, ապահովել տնտեսական աճ և սահմանափակել պետական ծախսերը։











