«Վարդագույն հովազը» փախչում է ջրցան մեքենաներից, միջնամատ ցույց տալիս ոստիկաններին, իսկ հետո ձերբակալվում։ Այս պատկերները միլիոնավոր դիտումներ են հավաքել սոցիալական ցանցերում՝ տարածվելով նաև հայկական տիրույթում։
«Ափսոս Փարիզը...»,- հոկտեմբերի 19-ին գրել է 168.am-ը՝ ցույցերը ներկայացնող լուսանկարների շարքում ներառելով նաև «Վարդագույն հովազի» պատկերը։ «Ձերբակալվածների թվում է նույն ինքը՝ «Розовая пантера»», «Ֆրանսիա, մեր օրեր, розовая пантера...» և նմանատիպ գրառումներով լուսանկարները տարածել են նաև հայ օգտատերերը։
Հոկտեմբերի 17-18-ին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին համացանցի հայկական տիրույթում լայնորեն տարածվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ներկայացվել են որպես այդ իրադարձությունների կադրեր։ Սակայն դրանց մի մասը ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով, իսկ մյուսները նկարահանվել են տարիներ առաջ՝ այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։
ԱԲ-ի ստեղծած «Վարդագույն հովազի» «ակտիվ մասնակցությունը» Ֆրանսիայի բողոքի ցույցերում
«Վարդագույն հովազին» պատկերող երեք լուսանկարների թվային փորձաքննությունը ցույց է տալիս, որ դրանք, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
#CivilNetCheck-ը լուսանկարը ստուգվել է ԱԲ-ով ստեղծված բովանդակության հայտնաբերման մասնագիտացված Hive Moderation գործիքի միջոցով։ Վերլուծության արդյունքով՝ պատկերը մինչև 99.9% հավանականությամբ գեներացվել է արհեստական բանականության միջոցով (AI-Generated Image)։

Տարածված լուսանկարներից մեկը, որում «Վարդագույն հովազը» միջնամատ է ցույց տալիս, ստեղծվել է 2015 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» բողոքի ցույցերի ժամանակ «Ֆոտոլուրի» արած լուսանկարի հիման վրա։

Մեկ այլ պատկերում «Վարդագույն հովազին» ձերբակալում են ֆրանսիացի ոստիկանները՝ Փարիզում՝ Louis Vuitton խանութի առջև։ Այս դեպքում պատկերի հիմքում 2025-ի մայիսին Փարիզում՝ Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն-Ժերմենի» հաղթանակի տոնակատարության ժամանակ արված լուսանկար է։ Այդ տոնակատարությունը ուղեկցվել էր անկարգություններով։

Տարեց զույգին «մերկացնելու» լուսանկարը նույնպես ստեղծվել է ԱԲ-ի միջոցով
Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է նաև մի լուսանկար, որում պատկերված են փողոցում կանգնած կիսամերկ տարեց տղամարդ և կին՝ դիմակավորված անձանց շրջապատում։ Լուսանկարը տարածվել է պնդմամբ, թե Փարիզում ցուցարարները թալանել և մերկացրել են տարեց զույգին։
«Փարիզում բողոքի ցույցերի ընթացքում թալանել են 80-ամյա ամուսնական զույգին՝ խլելով ամուսնական իրերը և գրեթե մերկ թողնելով փողոցում»,- հոկտեմբերի 20-ին հրապարակված տեսանյութում հայտնել է Civic.am-ը։
Պատկերը ստուգել ենք նաև OpenAI Verify գործիքով, որի արդյունքների համաձայն՝ այն ստեղծվել է OpenAI-ի գործիքներով։ Նույն արդյունքն է ցույց տվել նաև Google-ի SynthID գործիքը, որը թվային ջրանիշների միջոցով հնարավորություն է տալիս նույնականացնել ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը։

Ֆրանսիական մեդիաները ևս գրել են, որ լուսանկարը գեներացվել է ԱԲ-ով։ Բացի այդ, նրանք կապ եմ հաստատել Փարիզի դատախազության հետ, որտեղից հայտնել են, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ նման միջադեպի վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել։
Վրաստանում և Արգենտինայում նկարահանված հին տեսանյութերը ներկայացվում են որպես Ֆրանսիայի դեպքերի կադրեր
Հայկական ֆեյսբուքյան տիրույթում տարածվել է տեսանյութ, որը ներկայացվում է որպես Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կադրեր։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ցուցարարը հրավառություն արձակում ոստիկանների ուղղությամբ։
Սակայն տեսանյութը Ֆրանսիայում չի նկարահանվել։ Այն արվել է 2024-ի դեկտեմբերին Թբիլիսիում, Վրաստանի կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Այդ ժամանակ հակակառավարական ցույցեր էին ընթանում Թբիլիսում և բախումների ժամանակ ցուցարաները հրավառություն էին արձակել ոստիկանության ուղղությամբ։
Մեկ այլ տեսանյութ է տարածել Ararmedia Itv ֆեյսբուքյան էջը՝ գրելով, թե «Ֆրանսիայում ցուցարարները ոտնակոխ են անում ԱՄՆ դրոշը․ տեսանյութը տարածվում է իրանական լրատվական հարթակներում»։
Տեսանյութը, սակայն, Ֆրանսիայում չի նկարահանվել։ Այն արվել է 2026-ի օգոստոսին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ Խավիեր Միլեյի կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները Savoy հյուրանոցի ճակատից հանում ԱՄՆ դրոշը։
Այսպիսով, Ֆրանսիայի ցույցերի մասին իրական կադրերի կողքին տարածվել են նաև ԱԲ-ով ստեղծված լուսանկարներ ու այլ երկրներից տեսանյութեր, որոնք ներկայացվել են որպես նույն իրադարձությունների պատկերներ։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











