Գլխավոր Լրահոս

Լեգեոներների սահմանափակումը կասեցվա՞ծ է․ ՀՖՖ-ի և «Նոայի» դիրքորոշումները հակասում են

Լեգեոներների սահմանափակումը կասեցվա՞ծ է․ ՀՖՖ-ի և «Նոայի» դիրքորոշումները հակասում են

Լուսանկարը՝ Նոա ֆուտբոլային ակումբի մարզումից։

Սիրանուշ Ադամյան

Դատարանն առանց քննության է թողել «Նոա» ֆուտբոլային ակումբի և ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանի առանձին հայցադիմումները՝ լեգեոներների թվի սահմանափակման վերաբերյալ։

ՀՖՖ-ի՝ հոկտեմբերի 23-ի հաղորդագրության համաձայն՝ դատարանը հայցերն առանց քննության է թողել, քանի որ կողմերը պարտավորվել են իրենց միջև ծագած վեճերը ներկայացնել Լոզանում գործող Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) քննությանը։

ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ դատարանը նաև վերացրել է սահմանափակման կիրառումն արգելող հայցի ապահովման միջոցը։

Սակայն Աննա Օհանյանի փաստաբան Արփինե Հովհաննիսյանը հակառակն է պնդում։ «Արմսպորտին» փոխանցած պարզաբանման մեջ նա նշել է, որ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու ՀՖՖ-ի միջնորդությունը։ Ըստ փաստաբանի՝ սահմանափակումը շարունակում է կասեցված մնալ, իսկ դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։

Վեճը վերաբերում է ՀՖՖ-ի 2026-2027 մրցաշրջանի կանոնակարգին, որով ակումբի առաջին և երկրորդ թիմերի հայտացուցակներում լեգեոներների ընդհանուր թիվը սահմանվել է առավելագույնը 15։ «Նոան» և Աննա Օհանյանը վիճարկել են կանոնակարգը հաստատելու մասին ՀՖՖ գործկոմի որոշումը։

Ի՞նչ է փոխվել լեգեոներների սահմանափակման հարցում

2025-2026 մրցաշրջանում ակումբների համար լեգեոներների ընդհանուր թվի առավելագույն շեմ սահմանված չէր։ Փոխարենը՝ Պրեմիեր լիգայի խաղերի հայտացուցակում 23 ֆուտբոլիստից առնվազն 9-ը պետք է լինեին Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային ու տարիքային հավաքականների անդամ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լիներ այդպիսի առնվազն 3 ֆուտբոլիստ։

2026-2027 մրցաշրջանից ՀՖՖ-ն սահմանել է նոր սահմանափակում․ յուրաքանչյուր ակումբ կարող է հայտավորել առավելագույնը 15 ֆուտբոլիստի, որոնք Հայաստանում չեն մարզվել և/կամ Հայաստանի ազգային կամ տարիքային հավաքականների անդամ չեն։ Եթե ակումբն ունի նաև Առաջին խմբում հանդես եկող դուստր թիմ, սահմանափակումը վերաբերում է երկու թիմերի հայտավորումներին միասին։

Նոր կանոնը վերաբերում է ոչ միայն առանձին խաղի հայտացուցակին, այլև ակումբի՝ մրցաշրջանի ընթացքում հայտավորած ֆուտբոլիստների ընդհանուր թվին։

Ֆուտբոլում լեգեոներ սովորաբար անվանում են այն ֆուտբոլիստին, որը խաղում է իր քաղաքացիության երկրից դուրս գտնվող ակումբում։ ՀՖՖ-ի նոր կանոնակարգով սահմանված 15 ֆուտբոլիստի սահմանափակումը հիմնված է ոչ թե միայն քաղաքացիության, այլ Հայաստանում մարզված լինելու և Հայաստանի ազգային կամ տարիքային հավաքականների անդամ լինելու չափանիշների վրա։

Ինչպե՞ս է սկսվել դատական վեճը

Աննա Օհանյանը հուլիսի 17-ին հայց էր ներկայացրել ՀՖՖ գործկոմի՝ 2026-2027 մրցաշրջանի կանոնակարգը հաստատելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Նա նաև միջնորդել էր արգելել կանոնակարգի կիրառումը, սակայն դատարանը հուլիսի 29-ին մերժել էր այդ միջնորդությունը։

Օգոստոսի 3-ին նույն կանոնակարգի դեմ առանձին հայց էր ներկայացրել «Նոա» ՖԱ-ն՝ միջնորդելով արգելել լեգեոներների սահմանափակման վերաբերյալ դրույթի կիրառումը։ Դատարանն օգոստոսի 12-ին բավարարել էր «Նոայի» միջնորդությունը, իսկ հաջորդ օրը հարուցվել էր կատարողական վարույթ։

Սեպտեմբերի 4-ին ՀՖՖ-ն միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոցը։ Սեպտեմբերի 8-ին նման միջնորդություն էր ներկայացրել նաև «Ուրարտու» ՖԱ-ն։ ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ դատարանը սեպտեմբերի 30-ին մերժել էր այդ միջնորդությունները։

Հետագայում ՀՖՖ-ն միջնորդել էր հայցերն առանց քննության թողնել՝ վկայակոչելով կողմերի՝ Սպորտային արբիտրաժային դատարան դիմելու պարտավորությունը։ Հոկտեմբերի 22-ին դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Աննա Օհանյանի փաստաբան Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ սահմանափակման նպատակը կարող է լինել ոչ թե հայկական ֆուտբոլի զարգացումը, այլ «Նոայի» տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումը։

«Դատական նիստի ընթացքում ՀՖՖ-ի ներկայացուցչի ներկայացրած դիրքորոշումներն ավելի ամրապնդեցին մեր համոզմունքը․․․ Իսկ սա արդեն ոչ միայն սպորտային քաղաքականության, այլև մրցակցության իրավունքի լրջագույն խնդիր է՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով»,- հայտարարել է փաստաբանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում