Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորելու և նվաստացնելու դեպքի առնչությամբ ձերբակալված տղամարդը չի կալանավորվի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։
Միջադեպը տեսանկարահանած կնոջ նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։
Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը Երևանի ավտոբուսներից մեկում վիրավորական արտահայտություններ անում կողքին նստած կնոջ հասցեին։ Ուղևորներից մեկը փորձել է միջամտել, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան միջադեպի առնչությամբ ձերբակալվել էր տեսանյութում երևացող տղամարդը։ Նույն օրը ՆԳՆ-ից հայտնել էին նաև միջադեպը տեսանկարահանած կնոջ ձերբակալության մասին։












