Գլխավոր Լրահոս

Թունաքիմիկատների վերահսկողության բացերը կարող են խոչընդոտել հայկական գյուղմթերքի արտահանումը ԵՄ

Թունաքիմիկատների վերահսկողության բացերը կարող են խոչընդոտել հայկական գյուղմթերքի արտահանումը ԵՄ

Լիա Ավագյան

Հայաստանում թունաքիմիկատների վերահսկողության թերությունները կարող են լրացուցիչ խոչընդոտ դառնալ եվրոպական շուկա դուրս գալ փորձող հայկական մրգի և բանջարեղենի համար։ Այս մասին նշված է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի՝ այս ամիս հրապարակած հետազոտությունում։

«Թունաքիմիկատների արդյունավետ կառավարումը և խելամիտ կիրառությունը գյուղատնտեսությունում» զեկույցի համաձայն՝ հետազոտությանը մասնակցած փորձագետները ԵՄ շուկաներ գյուղմթերք արտահանելու մեծագույն խնդիրը համարում են պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների մնացորդները։ Զեկույցը նկարագրում է համակարգ, որում թունաքիմիկատները ստուգվում են սահմանին, սակայն դրանց պահպանման, կիրառման և ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը թույլ է։

Ներկայում Հայաստանը փորձում է գյուղմթերքի արտահանումը Ռուսաստանից վերակողմնորոշել այլ շուկաներ։ Մայիսի վերջից Մոսկվան աստիճանաբար արգելել է հայկական մրգի, բանջարեղենի և այլ ապրանքների ներմուծումը՝ վկայակոչելով բուսասանիտարական խախտումները։ Սեպտեմբերին Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց հայկական ապրանքների լայն շրջանակի նկատմամբ մաքսատուրքերի երկամյա կասեցմանը։ Ծիրանի, խաղողի, կեռասի, դեղձի, վարունգի և այլ մթերքի համար կգործեն անմաքս քվոտաներ։

Փաստաթղթի հեղինակը ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի ներկայացուցիչ, տնտեսագետ Էմիլ Գևորգյանն է։ Զեկույցը հրապարակել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը՝ Երևանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի առթիվ։ Զեկույցը հիմնված է 10 փորձագետի հետ հարցազրույցների և աշխատողների հետ ֆոկուս խմբային քննարկումների վրա։

Բացը եվրոպական օրակարգում

Էկոնոմիկայի նախարարությունը հայաստանյան օրենսդրությունը մոտարկում է ԵՄ ստանդարտներին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։ 2017-ին ստորագրված այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանի և ԵՄ քաղաքական ու առևտրային հարաբերությունների շրջանակը։ Ըստ նախարարության ներկայացուցիչների՝ այս գործընթացում թարմացվում է նաև թույլատրված նյութերի պետական գրանցամատյանը։ Դրանից հանվում են այն ազդող նյութերը, որոնք ԵՄ-ում արգելված են բարձր թունունակության պատճառով։

Սակայն հեղինակները նշում են, որ CEPA-ի իրագործման 2025-ի առաջընթացի զեկույցը կոնկրետ չի անդրադառնում թունաքիմիկատներով պայմանավորված արտահանման խոչընդոտներին։ Զեկույցի համաձայն՝ վերահսկողության և օրենքների կիրարկման թույլ մեխանիզմները, լաբորատոր սահմանափակ կարողությունները, ինստիտուցիոնալ վերահսկողության մասնատվածությունը և ֆերմերների ու գյուղատնտեսության ոլորտի աշխատողների ցածր իրազեկվածությունը կարող են մեծապես խոչընդոտել հայկական մթերքի արտահանումը ԵՄ։

Վերահսկողության բացեր

Թունաքիմիկատների ներմուծման, գրանցման և կիրառման գործընթացներում առաջնային դերը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն է։ Մարմնի ներկայացուցիչը հետազոտողներին ասել է, որ բիզնեսը հիմնականում պահպանում է ներմուծման պահանջները։ Նրա խոսքով՝ ամենադժվարը օգտագործման և պահպանման փուլերում վերահսկողություն իրականացնելն է։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ փոքր ֆերմերային տնտեսությունները սովորաբար վաճառողից գնում են փոքր շշերով թունաքիմիկատներ, որոնց վրա նշված է միայն անվանումը։ Կիրառման եղանակի և պիտանելիության ժամկետի մասին տեղեկություն չկա։ Զեկույցում նշվում է նաև, որ որոշ չգրանցված թունաքիմիկատներ մաքսանենգ ճանապարհով են երկիր ներթափանցել, և դրանց ազդող նյութերն անհայտ են։

Մեկ այլ թույլ օղակ ոչնչացումն է։ Ըստ տեսչական մարմնի ներկայացուցչի՝ ժամկետանց թունաքիմիկատ հայտնաբերելիս այն արձանագրվում և ի պահ է տրվում խանութին։ Դրա հետագա կառավարումը մնում է բաց և անվերահսկելի, քանի որ թափոնների կառավարման իրավական կարգավորումներում բաց կա։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որտեղ թաղված են մեծ քանակությամբ արգելված և ժամկետանց թունաքիմիկատներ, համարել է երկրի ամենավտանգավոր էկոլոգիական խնդիրներից մեկը։

Դժվար է նաև մնացորդների մոնիթորինգը։ Նույն հասարակական կազմակերպության տվյալներով՝ Հայաստան է ներմուծվում ավելի քան 1880 անուն թունաքիմիկատ։ Սակայն լաբորատորիաներին պակասում են սարքավորումներ, ֆինանսավորում և մասնագետներ։ Թունաքիմիկատների ներմուծման, վաճառքի, օգտագործման, մնացորդների և առողջական ազդեցության մասին տվյալներ հավաքող միասնական բազա չկա։ Վիճակագրական կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալները երբեմն չեն համընկնում։ Կառավարության 2026–2031թթ. ծրագիրը նախատեսում է ներմուծվող թունաքիմիկատների և պարարտանյութերի որակի և վաճառքի վերահսկման թվային համակարգ։

Կազմակերպությունը մատնանշել է նաև քլորպիրիֆոսը, որը 2025-ի Ստոկհոլմի կոնվենցիայի կողմերի համաժողովում ճանաչվել է կայուն օրգանական աղտոտիչ։ Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2003-ին, սակայն քլորպիրիֆոսի կիրառությունը երկրում դեռ արգելված չէ։

Ֆերմերները գրեթե չունեն նաև խորհրդատվություն ստանալու տեղ։ Ըստ տեսչական մարմնի ներկայացուցչի՝ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, որոնք նախկինում խորհրդատվություն և մասնագիտական օգնություն էին տրամադրում, բարելավելու փոխարեն լուծարվեցին։ Շատ ֆերմերներ խորհրդի համար դիմում են թունաքիմիկատներ վաճառողներին։

Պետական կառույցները տարբեր կերպ են գնահատում խնդրի լրջությունը։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները օրենսդրական դաշտը համարում են բավականին ամուր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը այն միայն մասնակի բավարար է համարում, իսկ գործատուների, գործարարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ անբավարար։

Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով Հայաստանը պարտավորվել է մինչև 2030-ը առնվազն կիսով չափ կրճատել թունաքիմիկատների հետ կապված ռիսկերը։ Զեկույցի համաձայն՝ այդ նպատակին հասնելու կոնկրետ ազգային թիրախները դեռ բավարար հստակ սահմանված չեն։

Արհմիությունների կոնֆեդերացիան հայտնում է, որ Հանրապետական եռակողմ հանձնաժողովում հանդես կգա աշխատանքային առողջության պարտադիր ռեգիստրների ստեղծման պահանջով։ Կոնֆեդերացիան կոչ է անում նաև օրենսդրությունը համապատասխանեցնել վտանգների դասակարգման միջազգային ստանդարտներին և պետական աջակցություն տրամադրել քիմիական թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում