Գլխավոր Լրահոս

222 տեղամասում արձանագրվել է 53 խախտում.«Անկախ դիտորդ»

222 տեղամասում արձանագրվել է 53 խախտում.«Անկախ դիտորդ»

Հայաստանում ընթացող ՏԻՄ ընտրությունների առավոտյան նիստերի ընթացքում արձանագրվել են ընթացակարգային և տեխնիկական խախտումներ, իսկ ընտրական տեղամասերի 27 տոկոսում նիստը մեկնարկել է ուշացմամբ: Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որը 2026-ի հոկտեմբերի 25-ին դիտորդական առաքելություն է իրականացնում Հանրապետության բոլոր համայնքներում:

Դաշինքի հաղորդմամբ քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով: Ժամը 10:30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 222 ընտրական տեղամաս, իսկ առավոտյան հանձնաժողովի նիստի ընթացքը դիտարկվել է 90 տեղամասում:

Առավոտյան նիստեր և վստահված անձանց ներկայություն

Դիտարկված տեղամասերի 73 տոկոսում առավոտյան նիստը մեկնարկել է սահմանված ժամին՝ 7:00-ին, իսկ 27 տոկոսում գրանցվել է ուշացում: Չնայած դրան բոլոր տեղամասերում նիստերն ավարտվել են մինչև ժամը 8:00-ն: Նիստերի 97 տոկոսն անցել է առանց խախտումների, իսկ մնացածում արձանագրվածները կրել են ընթացակարգային բնույթ:

Մասնավորապես 1 տեղամասում տեխնիկական սարքի անսարքության պատճառով չի տպվել 0-ական տեղեկանքը, 2 ՏԸՀ-ում գրանցվել են նիստի ընթացքի վրա չազդած միջադեպեր, իսկ 1 տեղամասում արձանագրված կահավորման խնդիրը շտկվել է հանձնաժողովի կողմից: Եվս 3 տեղամասում բացակայել են իրազեկման նյութերը, իսկ 1 տեղամասում դիտորդի միջամտությունից հետո տեղադրվել են քվեարկության գաղտնիության համար անհրաժեշտ լրացուցիչ քվեաթերթիկները:

Տվյալների համաձայն տեղամասերի շուրջ 30 տոկոսում առավոտյան նիստին ներկա չեն եղել կուսակցությունների վստահված անձինք: Մյուս տեղամասերից 75-ում ներկա է եղել ընդամենը 1 կուսակցության վստահված անձ, իսկ 6 տեղամասում արձանագրվել է առավելագույնը 3 կուսակցության ներկայացուցիչ:

Տեղամասային կենտրոնների մատչելիություն և պայմաններ

Ժամը 8:00-ից ի վեր դիտարկված 222 տեղամասային կենտրոնների 35%-ում դիտորդներն արձանագրել են մուտքի մոտ առկա խոչընդոտներ, իսկ 36%-ը գնահատվել է անմատչելի: Տեղամասերի 6%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում, իսկ 1 տեղամաս տեղակայված է եղել նկուղային կամ կիսանկուղային հարկում: Այցելած տեղամասերից 9-ում քվեարկության սենյակի 2-րդ հարկում գտնվելը բացարձակ անմատչելի է դարձրել քվեարկությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Դիտորդները նշում են, որ 5 տեղամասում քվեախցիկների դիրքը վտանգել է քվեարկության գաղտնիությունը, իսկ 6 տեղամասում առկա է եղել լուսավորության խնդիր, ինչը հաճախ թույլ տեսողությամբ մարդկանց համար բաց քվեարկության պատճառ է դառնում:

Չնայած այս խնդիրներին՝ ՏԸՀ անդամների պատրաստվածությունն ու կարգապահությունը ավելի քան 90% դեպքերում գնահատվել է բավարար կամ դրական, իսկ 95% դեպքերում հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել լուծել դիտորդների բարձրաձայնած հարցերը: Հիշեցվում է, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարներին շինությունները փոխելու կամ մասնավոր տարածքներ վարձակալելու համար:

Արձանագրված 53 խախտումները և դրոշմանիշերի խնդիրը

Այցելած 222 տեղամասերում «Անկախ դիտորդն» արձանագրել է ընդհանուր առմամբ 53 խախտում.

  • Ընթացակարգային բնույթի խախտման 6 դեպք

  • Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք

  • Ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք

  • Տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 9 դեպք

  • Կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք

  • Լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող, սակայն հիմնականում ոչ էական բնույթի 23 այլ դեպք

Բացի այդ, 2 տեղամասում արձանագրվել է, ինչպես նաև մի շարք տեղամասերից հայտնի է դարձել ինքնասոսընձվող դրոշմանիշերի հետ կապված խնդիր, երբ պաշտպանիչ պլաստիկ շերտն առանձնանալիս վնասվել է դրոշմանիշը: ԿԸՀ-ին ուղղված գրությանն ի պատասխան պարզաբանվել է, որ արտադրողի հետ ուսումնասիրված նմուշների համաձայն՝ պաշտպանիչ շերտը որոշ դեպքերում առանձնանում է դրոշմանիշը եղունգով առանձնացնելու պատճառով:

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ընտրվում են ավագանիներ և համայնքների ղեկավարներ։ Սա տարվա տեղական ընտրությունների չորս փուլերից երկրորդն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։

Ընտրություններն անցկացվում են 10 մարզում, այդ թվում՝ մի քանի մարզկենտրոնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում