Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է, հայտնում են նախարարությունից։
«Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն»,- ասված է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։
«ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 10 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 12 անձ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 4 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 50 քաղաքացու:
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ընտրվում են ավագանիներ և համայնքների ղեկավարներ։ Սա տարվա տեղական ընտրությունների չորս փուլերից երկրորդն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։
Ընտրություններն անցկացվում են 10 մարզում, այդ թվում՝ մի քանի մարզկենտրոնում։












