Գլխավոր Լրահոս

NVIDIA-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ թիրախավորելով ԱՊՀ շուկան

NVIDIA-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ թիրախավորելով ԱՊՀ շուկան

Ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Հայաստանում իր գործունեության ընդլայնման մասին՝ երկիրը դիտարկելով որպես հարթակ ԱՊՀ այլ պետություններում իր ծրագրերի զարգացման համար։ Այս մասին LinkedIn-ի իր էջում հայտնել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։

«Մենք զարգացնում ենք Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգում մեր ներդրումների հիման վրա կատարվող աշխատանքը՝ ընդլայնելով այն տարածաշրջանում։ Ջենսենի հետ վերջերս Ղազախստան կատարած մեր այցն այդ ուղղությամբ ևս մեկ քայլ էր։ Առջևում այլ երկրներ են»,- գրել է Լեբարեդյանը՝ նկատի ունենալով NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին։

Նրա խոսքով՝ Հայաստանը մասնագիտական ներուժ ունի տարածաշրջանային այս ընդլայնման գործում առաջատար դեր ստանձնելու համար։

«Հայաստանն ունի այն տաղանդավոր մասնագետները, որոնք կարող են օգնել առաջնորդել այս աճը։ Մեզ այստեղ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկարողանան այդ ներուժը կապել սահմաններից դուրս առկա հնարավորությունների հետ»,- նշել է NVIDIA-ի փոխնախագահը։

Լեբարեդյանի տեղեկացմամբ՝ ընկերությունը Հայաստանում փնտրում է ԱՊՀ տարածաշրջանում ծրագրային ապահովման մշակողների հետ կապերի պատասխանատուի (Developer Relations Manager)։

NVIDIA-ի տարածաշրջանային ընդլայնման կարևոր նախագծերից մեկը Հայաստանում Firebird ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնն է։ Դրա ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի հունիսին՝ շուրջ 500 մլն դոլարի նախնական ներդրումային ծրագրով։ Որպես ծրագրի զարգացման առաջին փուլ՝ 2026-ի օգոստոսին Հրազդանում գործարկվել է նոր կենտրոն։

Firebird-ի կենտրոնը, որը ստեղծվել է NVIDIA-ի և Dell Technologies-ի տեխնոլոգիական մասնակցությամբ, առաջին փուլում նախատեսված է 6144 բարձրարտադրողական NVIDIA գրաֆիկական պրոցեսորների համար։ Դրանք թույլ են տալիս մշակել, ուսուցանել և գործարկել արհեստական բանականության համակարգեր՝ անհրաժեշտ հաշվողական հզորությունները տրամադրելով ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին և հետազոտողներին։

Firebird-ը նախատեսում է հետագայում էապես ընդլայնել Հրազդանի կենտրոնը՝ մինչև 2027-ի ավարտը տեղակայված պրոցեսորների թիվը հասցնելով ավելի քան 70 հազարի, իսկ ենթակառուցվածքի հզորությունը՝ 300 մեգավատի։ Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ներդրումների ծավալը մինչև 4 մլրդ դոլարի հասցնելու ծրագրի մասին։

Հայաստանից հետո Firebird-ը NVIDIA-ի տեխնոլոգիական աջակցությամբ համանման ենթակառուցվածք է զարգացնում նաև Ղազախստանում։ Ղազախական Kazakhtelecom հեռահաղորդակցական ընկերության հետ իրականացվող նախագիծը նախատեսում է արհեստական բանականության տվյալների խոշոր կենտրոնի կառուցում։ Առաջին փուլն արդեն կառուցման ընթացքում է, իսկ շահագործումը նախատեսվում է սկսել 2027-ի երրորդ եռամսյակում։

Ղազախստանի կառավարության հաղորդմամբ՝ 2026-ի հունիսին Firebird-ի և ղազախական գործընկերների միջև ստորագրվել են արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ համաձայնագրեր՝ շուրջ 10 մլրդ դոլարի ներդրումային ծավալով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում