Հոկտեմբերի 25-ին ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամը 13:00-ի դրությամբ «Ականատես» դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը 233 ընտրատեղամասերից 75-ում արձանագրել են 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում։ Դրանցից առավել տարածվածը տեղամասերի մատչելիության խոչընդոտներն են, իսկ առանձնահատուկ ուշադրության են արժանի քվեարկության գաղտնիության խախտումներն ու ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության դեպքերը։
Առաքելության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։
8 տեղամասից ստացվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։ Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։
4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։
13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։
3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։
Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։
«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։
Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ընտրվում են ավագանիներ և համայնքների ղեկավարներ։ Սա տարվա տեղական ընտրությունների չորս փուլերից երկրորդն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։
Ընտրություններն անցկացվում են 10 մարզում, այդ թվում՝ մի քանի մարզկենտրոնում։












