Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ավտոբուսների գնման հաջորդ մրցույթը հայտարարել բացառապես էլեկտրական ավտոբուսների համար։ Հոկտեմբերի 26-ին գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը հայտարարել է, որ այս տարի պետք է սկսել մայրաքաղաքի հիմնական երթուղիներում ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնումը։
«Հաջորդ փուլով մենք ունենք «Higer» մակնիշի ավտոբուսների փոխարինման հատվածը, որի մասին դեռևս այս տարի արդեն բարձրաձայնել ենք։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսներին»,- ասել է Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավտոբուսային առանձնացված գծերը զգալիորեն բարելավում են հանրային տրանսպորտի աշխատանքի արդյունավետությունը, երթևեկության արագությունն ու հաճախականությունը։
Նա օրինակ է բերել միևնույն երթուղում աշխատող ավտոբուսների արդյունավետության համեմատությունը։ Ըստ քաղաքապետի՝ ընդհանուր երթևեկության մեջ աշխատող 25 ավտոբուսն ավելի պակաս արդյունավետ է, քան առանձնացված գծով երթևեկող 15 ավտոբուսը։
«Առանձնացված գիծը մեր ավտոբուսային ցանցին տալիս է էական առավելություն և՛ հաճախականության տեսանկյունից, և՛ ընդհանուր հուսալիության տեսանկյունից, և՛ արագության»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետը հանձնարարել է այս տարի սկսել առանձնացված գծերի ամբողջական ծրագրի փուլային իրականացումը՝ նախ ընդգրկելով մայրաքաղաքի հիմնական մի քանի երթուղիները։
Նրա ներկայացրած մոտեցմամբ՝ սկզբում առանձնացված գծերը պետք է կազմակերպվեն ճանապարհների աջ հատվածներում՝ տեղադրելով համապատասխան տեսախցիկներ։ Հետագայում, եթե ուսումնասիրությունները ցույց տան փողոցների վերակառուցման անհրաժեշտություն, ավտոբուսային գծերը կարող են տեղափոխվել ճանապարհների կենտրոնական հատված։
Ավինյանը նաև հանձնարարել է ավտոբուսային գծերի նախագծերը համադրել հեծանվային երթևեկության կազմակերպման հետ՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով առանձին հեծանվուղիներ կամ համատեղ երթևեկության լուծումներ։
Երևանի քաղաքապետարանը էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման մասին հայտարարել էր դեռևս նախորդ տարիներին։
2025-ի սեպտեմբերին քաղաքապետարանը ներկայացրել էր 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու՝ 98 մլրդ դրամ արժողությամբ ծրագիր։ Դրանք նախատեսվում էր օգտագործել հին «Higer» ավտոբուսների և տեխնիկական խնդիրներ ունեցող միկրոավտոբուսների փոխարեն։ Այդ ժամանակ ծրագիրն ուղարկվել էր կառավարություն՝ հաստատման։
2026-ի մայիսին քաղաքապետարանը հայտարարել էր 170 նոր ավտոբուսի գնման մրցույթի մասին։ Ավինյանը հայտնել էր, որ դրանցով նախատեսվում է փոխարինել հին «Higer» ավտոբուսները։ Նա միաժամանակ հիշեցրել էր 250 էլեկտրական ավտոբուս գնելու ծրագրի մասին։
Հոկտեմբերի 26-ի խորհրդակցության ժամանակ Ավինյանը չի հստակեցրել նոր մրցույթով ձեռք բերվելիք էլեկտրական ավտոբուսների քանակը, արժեքը և գնման ժամկետները։












