Գլխավոր Լրահոս

Կիրանցի ընտրողների կեսից ավելին չի քվեարկել․ ՔՊ-ի 88.89%-ի համատեքստը

Կիրանցի ընտրողների կեսից ավելին չի քվեարկել․ ՔՊ-ի 88.89%-ի համատեքստը

Տավուշի մարզի Կիրանց համայնքում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները համացանցում լայն քննարկման և մեկնաբանությունների առիթ են դարձել։

«Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը»,- ընտրատեղամսերի փակվելուց շուրջ մեկ ժամ հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Կիրանցում ՔՊ-ի ստացած ձայներին, գրել էր. «Հետաքրքիր է, Կիրանցը փրկող սառեցված տերտերը ինչ ա զգում, երբ Կիրանցում ՔՊ-ն ստանում է ձայների գրեթե 90%։ Վստահաբար կարելի է ասել՝ եթե չփրկեր Կիրանցը, հաստատ ՔՊ-ն ավելի քիչ ձայն կստանար»։

Թեմային անդրադարձել է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արաքսյա Վարդանյանը՝ գրելով, որ «ՔՊ-ն Կիրանցում մոտ 90% վստահության քվե է ստացել»։

Կիրանցի արդյունքներին անդրադարձել են նաև իշխանությանն ընդդիմադիր օգտատերերը՝ քննադատելով բնակիչների ընտրությունը։ «Կիրանցում փաստորեն գոհ են ՔՊ-ից․ ձայների 88.89%-ը տվել են իշխանությանը։ Երևի հավատում են խաղաղության պատին», «Գոնե ձևական ցույց տայիք, որ ձեր բնակավայրը թանկ է ձեր համար»՝ գրել են նրանք(1, 2, 3, 4, 5 )։

Քանի՞ ընտրող կա Կիրանցում

Կիրանցը Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի 19 բնակավայրերից մեկն է։ Համայնքի ընտրություններին մասնակցել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

ՔՊ-ի 50 հոգանոց ցուցակը գլխավորել է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի հիմնադրած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Կիրանցում գործել է մեկ՝ 38/41 ընտրատեղամասը։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցողների թիվը 315-ն է։ Ընտրությանը մասնակցել է նրանցից 154-ը՝ ընտրողների 48.89%-ը։ Այսինքն՝ ընտրողների կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել։

Էկրանապատկերը՝ ԿԸՀ կայքից
Էկրանապատկերը՝ ԿԸՀ կայքից

Ի՞նչ են ցույց տալիս արդյունքները

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ քվեարկությանը մասնակցած 154 ընտրողից 136-ը քվեարկել է ՔՊ-ի, իսկ 17-ը՝ «Ինքնիշխան Հայաստանի» օգտին։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսպիսով, ՔՊ-ի ստացած 136 ձայնը կազմում է 153 վավեր քվեների 88.89%-ը։ Ընտրելու իրավունք ունեցող բոլոր 315 քաղաքացիների թվի համեմատ այդ ցուցանիշը 43.2% է։

Իջևան խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 29 730 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 167-ը կամ 40.92%-ը։

Ընդհանուր արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 10 403 ձայն կամ վավեր քվեների 86.15%-ը, իսկ «Ինքնիշխան Հայաստանը»՝ 1 673 ձայն կամ 13.85%-ը։

Այսպիսով, Կիրանցում ՔՊ-ի ստացած 88.89%-ը հաշվարկված է վավեր քվեներից։ Կուսակցության օգտին քվեարկել է 136 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիների 43.2%-ը։ Ուստի այս արդյունքը որպես Կիրանցի բոլոր ընտրողների դիրքորոշում ներկայացնելը մոլորեցնող է․ նրանց կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում