Լիլիթ Պողոսյան
Օպերային երգչուհի Տիգրանուհի Հովհաննիսյանի երաժշտական ուղին սկսվել էր Ֆրանկֆուրտի երաժշտության ու կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում։ 44-օրյա պատերազմը փոխեց նրա ճանապարհը։ Ռազմաճակատ կամավոր մեկնած ամուսնու՝ Կարենի զոհվելուց հետո Տիգրանուհին թողեց բեմը։ Կապը երգի հետ, սակայն, չխզվեց։ 2021-ի դեկտեմբերին կուտակված վրեժն ու պայքարելու մղումը ծնունդ տվեցին «Երգատեղ» ստուդիային։
««Երգատեղն» ի սկզբանե իմ երազանքը չի եղել․ այն ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է։ Երբ կյանքիդ շղթայի մի կարևոր օղակ կտրվում է, իսկ դու տեսակով հանձնվող չես, սկսում ես պայքարի ձև փնտրել։ «Երգատեղը» հենց այդ պայքարն է»։
Ակնհայտ էր, որ հեշտ չի լինելու ճանապարհը․ ստուդիան նորաբաց էր, տարածքը՝ վարձակալած․ անգամ կահույքն էր ինքնաշեն։ Առաջին դասին ընդամենը երեք աշակերտ կար, բայց հայկական երաժշտական միջավայրն անճաշակ հնչյուններից մաքրելու ցանկությունը մեծ էր, որոշումը՝ գիտակցված։
Դա օգնեց, որ տարաբնույթ խնդիրները, մասնավորապես՝ ֆինանսական, չխաթարեն ստուդիայի աշխատանքը։

«Ընկնելուց հետո չպիտի անգամ երկմտես՝ վեր կենաս, թե չէ։ Անլուծելի խնդիր գրեթե չկա։ Եթե նահանջելու փոխարեն մտածես լուծումը գտնելու մասին, հաստատ կգտնես»։
«Երգատեղում» ընդունելությունը երեք տարեկանից է, տարիքային վերին շեմ չկա։ Ինչպես անվանումն է հուշում, այն մի տեղ է, որտեղ գալիս են երգելու՝ ճիշտ երգելու։
Երգելու տեխնիկան սովորելու հնարավորություն տրվում է ստուդիա մտնող յուրաքանչյուրին, բայց պատերից ներս հնչող կատարումները բավական բծախնդիր են ընտրվում։ Հայկական երաժշտական միջավայրի մաքրությունը ոսկե կանոն է, որը գործում է այստեղ բացման օրվանից։
«Մենք ոչ միայն սովորեցնում ենք երգել, այլև օգնում ենք հասկանալ, թե ինչ է կարելի լսել, որ ուղեղը չթմրի։ Սովորեցնում ենք շարունակի զարգանալ։ Կարևոր է, որ երեխան ոչ միայն երաժշտական նյութը վերարտադրի, այլև հետազոտի ու մեկնաբանի այն»։
Խորհրդային ծրագրի այլընտրանքը
«Երգատեղում» երգացանկը լայն է, իսկ 3-5 տարեկանների խմբում շեշտն ազգային ու բնության երգերի վրա է դրված՝ «Արև, արև, ե՛կ-ե՛կ», «Անձրևներ», «Փայտե ձիուկ» և այլն։
Այս տարիքային խմբի համար ստուդիայի մասնագետները մշակել են հատուկ կրթական ծրագիր, որով հավակնում են ներկայանալ նաև միջազգային հարթակում։ Այդ ուղղությամբ արդեն աշխատում են։
Ծրագրի առանձնահատկությունը երգեցողության միավորումն է ռիթմիկ շարժման, ակտիվ ունկնդրման, նվագակցության ու իմպրովիզացիայի հետ։ Դա օգնում է, որ երեխան երաժշտական գիտելիք ստանա ոչ թե տեսությամբ, այլ սեփական ընկալմամբ։

«Երաժշտական կրթությունը չպետք է սկսվի միայն այն պահից, երբ երեխան պատրաստ է տիրապետելու որևէ գործիքի։ Այն կարող է սկսվել շատ ավելի վաղ՝ 3-5 տարեկանից, երբ նրա երաժշտական ընկալումը զարգանում է երգի, շարժման, ռիթմի, լսողության և խաղային ստեղծագործության միջոցով»։
Խորհրդային տարիներից ժառանգած երաժշտական կրթական ծրագիրը, որով առայսօր աշխատում են հանրապետության երաժշտական դպրոցների մեծ մասում, հիմնված է նեղ մասնագիտական, գործիքակենտրոն ուսուցման վրա։ Այս մեթոդաբանությունն է, որ ստուդիայի մասնագետներն առաջարկում են փոխել և զարգացնել երեխայի ամբողջական երաժշտական կարողությունները։
««Երգատեղում» սովորեցի վստահել ուժերիս ու անդադար աշխատել՝ երազանքիս հասնելու համար։ Այնտեղ ուղղակի չէինք երգում, այլ սովորում էինք կատարողական տեխնիկան, երաժշտական գրագիտություն էինք ձեռք բերում։ Ուսուցիչները խիստ էին, բայց մթնոլորտն անկաշկանդ էր։ Ստուդիան տվեց այն գիտելիքն ու վստահությունը, որ դիմեմ կոնսերվատորիա»,- ասում է արդեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսի ուսանողի Մանե Դալլաքյանը։
2021-ից ի վեր ստուդիայի սաները մեկ տասնյակից ավել համերգներ են ունեցել, բոլորը՝ լեփ-լեցուն դահլիճներում։ Աշակերտների թիվն այժմ գերազանցում է 150-ը։ Ամենափոքր մասնակիցը՝ երեք, ամենամեծը 67 տարեկան է։
Ինչո՞վ կզբաղվեր, եթե ստուդիա չբացեր։ Տիգրանուհին ասում է․ «Ինչ էլ անեի, մարդկանց օգնելու համար էր լինելու»։
Նա բեմ չի վերադարձել։ Բայց բեմ են ելնում նրա սաները։












