Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին վավերացրեց Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը։ Փաստաթղթի նպատակն է նվազեցնել երկու երկրների միջև ծառայությունների առևտրի խոչընդոտները և նպաստավոր պայմաններ ստեղծել փոխադարձ ներդրումների համար։
Համաձայնագրի վավերացման մասին օրենքին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Ընդունված օրենքը կներկայացվի Հանրապետության նախագահին՝ ստորագրման և հրապարակման։
Համաձայնագիրը ստորագրվել է 2026-ի փետրվարի 5-ին Աբու Դաբիում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի ներկայությամբ։ Այն ստորագրել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ փաստաթուղթը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտներում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական համագործակցության ընդլայնում և երկու երկրների գործարարների համար նոր շուկաների հասանելիության բարելավում։
Համաձայնագիրը ներառում է ծառայությունների առևտրի, ներդրումների, վեճերի կարգավորման և թափանցիկության վերաբերյալ առանձին գլուխներ։ Նախատեսվում են նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներ։
Փաստաթղթով ԱՄԷ-ն հայկական կողմին արտոնություններ է տրամադրում համակարգչային ծառայությունների, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման և հեռախոսակապի ոլորտներում։ Որոշ պարզեցումներ են նախատեսված նաև իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտորական ծառայությունների մատուցման համար։
Հայաստանն իր հերթին էմիրաթական կողմին արտոնություններ է տրամադրում գյուղատնտեսությանը, որսորդությանը և անտառտնտեսությանը վերաբերող ծառայությունների, ինժեներական և գիտատեխնիկական խորհրդատվության, ինչպես նաև առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության և փոստային ծառայությունների ոլորտներում։
Կառավարության տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսված արտոնությունները գերազանցում են Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում Հայաստանի և ԱՄԷ-ի ստանձնած պարտավորությունները։
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ փաստաթուղթը հնարավորություն կտա երկու երկրների ընկերություններին ծառայություններ մատուցել միմյանց շուկաներում՝ օգտվելով համաձայնագրով նախատեսված արտոնություններից։ Որպես օրինակ նախարարը նշել էր հայկական ընկերությունների կողմից ԱՄԷ-ում իրավաբանական ծառայությունների մատուցման հնարավորությունը։
Կառավարության գնահատմամբ՝ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության դրույթները կարող են նպաստել նոր գործարար նախաձեռնությունների իրականացմանը։
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական համագործակցության շրջանակում ավելի վաղ՝ 2025-ի հունիսի 27-ին, ստորագրվել էր նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և դրա անդամ պետությունների ու ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը։
Այն Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր 2026-ի մարտի 25-ին։ Այդ համաձայնագիրը հիմնականում վերաբերում է ապրանքների առևտրի ազատականացմանը՝ մաքսատուրքերի և առևտրային այլ խոչընդոտների նվազեցման միջոցով։












