Արգելանք է դրվել Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի բռնագանձման գործով ներգրավված երկու ընկերությունների անշարժ գույքի վրա։ Խոսքը Երևանի Աբովյան փողոցի հյուրանոցային համալիրի և Հերացու փողոցի կիսակառույց բազմաբնակարան շենքի մասին է։ Այս մասին հայտնել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
ՀԿԱԾ հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի տված կատարողական թերթի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված յոթ անձանց պատկանող գույքի նկատմամբ։
Արգելադրվել է շուրջ ութ անշարժ գույք, շարժական գույք, տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ընդհանուր շուրջ 157 մլն դրամի դրամական պահանջի իրավունք։
Արգելվել են նաև պարտապանի հետ փոխկապակցված երեք ընկերությունների 100-տոկոսանոց բաժնեմասերի և ևս մեկ ընկերության 5-տոկոսանոց բաժնեմասի տնօրինման հետ կապված գործողությունները։
Կատարողական գործողությունների շրջանակում ՀԿԱԾ աշխատակիցները զննել և պահատվության են հանձնել «Ֆելինգեր» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևանի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը։
Զննվել և պահատվության է հանձնվել նաև «Սքայվյու» ընկերությանը պատկանող՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը։
ՀԿԱԾ-ի հաղորդմամբ՝ արգելվել են այդ ընկերությունների անշարժ և շարժական գույքի տնօրինման հետ կապված գործողությունները։
Դատական իշխանության պաշտոնական տվյալներով՝ «Ֆելինգեր» ՍՊԸ-ն և «Սքայվյու» ՓԲԸ-ն որպես երրորդ անձինք ներգրավված են ԱԺ նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործով։
Գլխավոր դատախազությունը 2024-ի նոյեմբերին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձել, ըստ հայցի, ապօրինի ծագում ունեցող գույքը։ Գործով պատասխանողներն են Արթուր Բաղդասարյանը, Աննա և Վահան Բաղդասարյանները, Վարուժան Բոլորչյանը։
Գործում որպես երրորդ անձինք ներգրավված են վեց ընկերություններ՝ «Գավեքս Գրուպ», «Հայասի Գրուպ», «Բ.Ա.Ս.Խ», «Ֆելինգեր», «Եվրոլայն» և «Սքայվյու»։
2026-ի հուլիսի 20-ի դատական նիստում Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչները վիճարկել էին դատախազության հաշվարկները՝ պնդելով, որ դրանցում հաշվի չեն առնվել Բաղդասարյանի օրինական եկամուտների մի մասը, ինչպես նաև ընկերությունների ֆինանսավորման որոշ աղբյուրներ։
Դատախազության ներկայացուցիչն իր հերթին պնդել էր, որ Բաղդասարյանի կողմից ընկերություններից մեկին տրամադրված որոշ փոխառություններ չեն հիմնավորվել օրինական եկամուտներով, իսկ որոշ գույքերի ձեռքբերման օրինականությունը լիարժեք ապացուցված չէ։












