Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Բանավոր վեճը վերածվել է ֆիզիկական բախման, որի ընթացքում պատգամավորները միմյանց հարվածներ են հասցրել, շշեր ու աթոռ են նետել, վնասվել է նիստերի դահլիճի գույքը։ Պատգամավորները վնասվածքներ են ստացել, խորհրդարան է ժամանել շտապօգնություն։
Միջադեպը տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիրների հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքներին, ապա դիմել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ հիշատակելով վերջինիս ընտանիքի անդամներին։
Չախոյանը, մասնավորապես, հիշեցրել է Կարապետյանի հորեղբոր որդու՝ կանանց համար առանձին նախարարություն ստեղծելու վերաբերյալ նախկին հայտարարությունը և քննադատել այդ արտահայտության համար ներողություն չխնդրելը։ Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքել է, ինչից հետո Չախոյանը նրան հակադարձել է վիրավորական արտահայտությամբ։
«Արան դու ես։ Արան ոտիցդ գլուխ դու ես»,- ի պատասխան ասել է Չախոյանը։
Բանավոր վեճին հաջորդել է քաշքշոցը։ Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները մոտեցել են միմյանց, սկսվել են հրմշտոց և քաշքշուկ։ Որոշ պատգամավորներ փորձել են բաժանել վիճաբանողներին։
Ընդդիմադիր պատգամավորները տեղի ունեցածի պատասխանատու են համարում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նրանց պնդմամբ՝ Ռուբինյանը ժամանակին ընդմիջում չի հայտարարել և անվտանգության աշխատակիցներին չի հրավիրել դահլիճ՝ սրվող իրավիճակը հանդարտեցնելու և ֆիզիկական բախումը կանխելու համար։
«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,- ասել է Ռուբինյանը։
Լարվածության ընթացքում Ռուբինյանը սկզբում հրաժարվել է ընդմիջում հայտարարելուց՝ ասելով, որ ցանկանում է՝ բոլորը տեսնեն կատարվողը։
Ավելի քան 10 րոպե ընթացքող քաշքշուկը վերածվել է ավելի բիրտ բռնության, երբ իշխող խմբակցության պատգամավոր Տարոն չախոյանը ջուր է շփել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դավթյանի վրա։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ շպրտում ընդդիմադիրների ուղղությամբ։ Բախման ժամանակ պատգամավորներից մի քանիսն ընկնում են գետնին, շրջվում են սեղանները, իշխանական պատգամավորները բռունցքներով հարվածում են ընդդիմադիրների գլխին։
Կռվի թեժ պահին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել և անվտանգության աշխատակիցներին հրավիրել դահլիճ։ Բախումը շարունակվել է նաև խորհրդարանի միջանցքում։
Միջադեպը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ նոր գումարման Ազգային ժողովում արդեն ստեղծվել է պատգամավորական էթիկայի կանոնների պահպանման հարցերով ժամանակավոր հանձնաժողով։
Օգոստոսի 10-ին խորհրդարանը որոշել էր ստեղծել հանձնաժողովը, որի կազմը հաստատվել էր նույն ամսին։ Հանձնաժողովի նախագահը ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն է, փոխնախագահը՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Լիաննա Գասպարյանը։
Հոկտեմբերի 5-ին Մարիա Կարապետյանը ներկայացրել էր օրենքով սահմանված պատգամավորական էթիկայի ութ կանոնները։ Դրանցով պատգամավորները պարտավոր են պահպանել նիստերի անցկացման կարգը, նպաստել խորհրդարանի նկատմամբ հանրության վստահության և հարգանքի ձևավորմանը, դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Սա նոր գումարման խորհրդարանում առաջին ֆիզիկական բախումը չէ։ Հոկտեմբերի 6-ին ևս իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որի հետևանքով ԱԺ նիստն ընդհատվել էր, իսկ դահլիճ էին հրավիրվել անվտանգության աշխատակիցներ։
Մեկ ժամ տևած ընդմիջումից հետո վերսկսված նիստում Ռուբինյանը միջադեպի համար մեղադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ ԱԺ նախագահի պնդմամբ՝ հենց Կարապետյանն է սադրել իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանին, ինչն էլ հանգեցրել է վիճաբանության սրմանը։











