Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի հրապարակել Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարությունների կազմակերպման ամբողջական ծախսերը։ Մինչդեռ համայնքապետարանի կայքում հրապարակված առանձին որոշումներից պարզ է դառնում, որ միայն համերգային ծրագրի, հրավառության և այլ ծառայությունների համար համայնքային բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են հատկացվել։
Այս մասին գրում է «Հետքը»՝ ուսումնասիրելով Վաղարշապատի համայնքապետարանի հրապարակած որոշումները։
Հոկտեմբերի 8-ին Էջմիածնի հիմնադրման 2711-ամյակի առթիվ կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական և ժամանցային միջոցառումներ։
Հրապարակված տվյալների համաձայն՝ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի ելույթի համար՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպման համար՝ 2 մլն 500 հազար դրամ։ Հաղորդավարի ծառայությունն արժեցել է 300 հազար դրամ։
Մինչև միջոցառումները հայտնի էր նաև, որ բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ 24 մլն դրամի պայմանագիր է կնքել։
Այսպիսով, միայն բեմահարթակի, լուսավորության և համերգային ծրագրի կազմակերպման ծախսերը կազմել են 37 մլն 800 հազար դրամ։
«Հետքի»-ը նշում է՝ համայնքապետարանի կայքում հրապարակված որոշումներից մի քանիսը նախապես եղել են դատարկ կամ միայն վերնագրով։ Դրանց բովանդակությունը լրացվել է ավելի ուշ՝ հետին ամսաթվով։ Կայքում դեռ կան նաև չլրացված որոշումներ։ Համայնքապետարանը նաև հաստատել է, որ վճարումները դեռ ամբողջությամբ չեն կատարվել։
Արդյունքում, տոնակատարություններից ավելի քան երեք շաբաթ անց, հանրությանը հասանելի չէ միջոցառումների կազմակերպման ամբողջական արժեքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հետքի» էջում։












