Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համաներումը չի համարում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրի լուծման լավագույն միջոցը։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Եթե համաներումը բխում է Նուբարաշենում գտնվող անձանց շահերից, ապա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը համընդհանուր համաներման մասին է։
Գալյանի խոսքով՝ կառավարությունը նախընտրում է զարգացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել դատապարտյալների նկատմամբ և գնահատել նրանց վերասոցիալականացման աստիճանը։
Նախարարը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներ վերադարձած անձանց շրջանում կրկնահանցագործների մասնաբաժինը հասնում է 55%-ի։ Նրա խոսքով՝ կառավարությունը ջանքեր է գործադրում նաև այդ անձանց վերասոցիալականացման ուղղությամբ։
«Համաներումը պարզ և հեշտ լուծում է կառավարության համար, բայց մենք կարծում ենք, որ պարզ լուծումները այս դեպքում մեզ համար չեն, և մենք գնում ենք բարդ ճանապարհով»,- հայտարարել է Գալյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անմխիթար պայմաններին և այն փակելու ծրագրին։ Գալյանի խոսքով՝ մինչև նոր հիմնարկի կառուցումը այնտեղ պահվող անձինք շարունակելու են մնալ «Նուբարաշենում»։ Նախարարը հայտնել է, որ հիմնարկում արդեն վերանորոգվել են որոշ խցեր, կարանտինային բաժանմունքները, լոգասենյակներն ու կոյուղին։
Նա նաև տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը գերազանցել է 3,300-ը։ Կառավարությունը գերծանրաբեռնվածության խնդիրը փորձում է լուծել այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների կիրառման ընդլայնմամբ։












