Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Թբիլիսիի քաղաքապետարանը մինչև նոյեմբերի 30-ը երկարաձգել է Ռուսթավելիի պողոտայի վերանորոգման աշխատանքների ավարտի պայմանագրային ժամկետը։ Միաժամանակ քաղաքապետարանը պնդում է, որ նախագծի ավարտի՝ հանրությանը նախապես հայտարարված ժամկետը չի փոխվել։
Պայմանագրերում կատարված փոփոխությունները հարցեր են առաջացնում լայնածավալ վերանորոգման աշխատանքների ժամանակացույցի և կառավարման վերաբերյալ։ Դրանք զգալիորեն խաթարել են Թբիլիսիի գլխավոր պողոտաներից մեկի բնականոն գործունեությունը։
Սկզբնական պայմանագրերով կապալառու Smart Solutions ընկերությանը պողոտայի աշխատանքներն ավարտելու համար հատկացվել էր 100 օրացուցային օր։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 130 օր։
Ըստ իշխանության՝ ժամկետի երկարաձգման պատճառներից մեկը անբարենպաստ եղանակային պայմաններն են։ Պայմանագրերում նշվում է, որ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 29 անձրևային օր, ինչը խոչընդոտել է աշխատանքների ընթացքը։ Որպես այլ պատճառներ նշվում են վերանորոգման ընթացքում ի հայտ եկած չնախատեսված հանգամանքները, նախագծային փոփոխությունների անհրաժեշտությունը, աշխատանքների ծավալի մեծացումը, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցությունների վրա աշխատող ընկերությունների պատճառով առաջացած ուշացումները։
Նոյեմբերի 2-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հերքել է տեղեկությունները, թե Ռուսթավելիի պողոտայի վերանորոգման ավարտի ժամկետը երկարաձգվել է։
Նա մի շարք լրատվամիջոցների մեղադրել է միտումնավոր կեղծ տեղեկություններ տարածելու և հանրությանը մոլորեցնելու մեջ։
Կալաձեն պայմանագրի փոփոխությունը բնորոշել է որպես տեխնիկական և պնդել, որ այն չի ազդի ամբողջ նախագծի ավարտի ժամկետի վրա։
Անդրադառնալով պայմանագրով սկզբնապես նախատեսված 100-օրյա ժամկետին՝ Կալաձեն բացատրել է, որ նախքան Smart Solutions-ը կսկսեր վերանորոգման իր հատվածը, ջրամատակարար ընկերությունը պետք է նախնական աշխատանքներ իրականացներ ստորգետնյա ցանցում։
«Ստորգետնյա ցանցը մաշված էր, և, բնականաբար, դրա վերանորոգումը նրանց պարտականությունն էր։ Ընդհանրապես, նման բոլոր նախագծերում, երբ լայնածավալ վերանորոգման աշխատանքներ ենք սկսում, ջրամատակարար ընկերությունը նույնպես ներգրավվում է և կատարում իրեն վերապահված աշխատանքները»,- ասել է Կալաձեն։
Նա հավելել է, որ այդ աշխատանքների ավարտից հետո քաղաքապետարանի մրցույթով ընտրված ընկերությունը պետք է սկսեր ջրահեռացման ցանցի տեղադրումն ու ճանապարհային ենթակառուցվածքների համար անհրաժեշտ աշխատանքները։
«Սա պարզապես տեխնիկական փոփոխություն էր։ Աշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է Կալաձեն՝ կրկին ընդգծելով, որ վերանորոգումն ակտիվորեն շարունակվում է։
Տարածված տեղեկություններին անդրադարձել է նաև փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին։ Նա մի շարք հեռուստաընկերությունների և քաղաքական կուսակցության ներկայացուցիչների մեղադրել է հանրությանը մոլորեցնելու նպատակով միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Բենդելիանիի խոսքով՝ քաղաքապետարանը հենց սկզբից մշտապես հայտարարել է, որ վերանորոգումը կավարտվի նոյեմբերին, և մինչև ամսվա վերջ աշխատանքներն ավարտելու պարտավորությունը մնում է անփոփոխ։
«Ամբողջ պատասխանատվությամբ ուզում ենք հայտարարել, որ մեր պաշտոնական մեկնաբանություններից ոչ մեկում, այդ թվում՝ հենց կեղծ տեղեկություններ տարածող հեռուստաընկերությունների տեսագրած մեկնաբանություններում երբեք չի ասվել, թե Ռուսթավելիի պողոտայի վերանորոգումը կավարտվի հոկտեմբերին։ Առաջին իսկ օրվանից մշտապես ասել ենք, որ Ռուսթավելիի պողոտայի վերանորոգումը կավարտվի այս տարվա նոյեմբերին»,- ասել է Բենդելիանին։
Նա նաև քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին մեղադրել է Թբիլիսիի քաղաքապետարանի և նրա ծառայությունների դեմ ուղղված հակաքարոզչական արշավի շրջանակում այդ պնդումները միտումնավոր տարածելու մեջ։ Նա չի հստակեցրել, թե որ քաղաքական ուժերին նկատի ունի։
Բենդելիանին նշել է նաև, որ պողոտայում աշխատում է շուրջ 10 ընկերություն, և առանձին պայմանագրերում կատարված փոփոխությունները չեն ազդի վերանորոգման ամբողջական ավարտի ժամկետի վրա։
Ռուսթավելիի պողոտայի վերանորոգման ընթացքում Smart Solutions ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է աշխատանքի պայմանները խախտելու համար։ Քաղաքային տեսչության արձանագրած խախտումներից մեկը շուրջօրյա աշխատանքային ռեժիմը չպահպանելն էր։
Smart Solutions-ը պատասխանատու է Ռուսթավելիի պողոտայի վերանորոգման նախագծի բոլոր երեք լոտերի համար։ Ընկերության պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 19,8 միլիոն լարի՝ 7,3 միլիոն դոլար։
Միաժամանակ պողոտայում շարունակվում են ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման ցանցերի վերանորոգման աշխատանքները։












