Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ ռեփեր Բերա Իվանիշվիլիի փաստաբանը զրպարտության հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ընդդիմադիր Formula և TV Pirveli հեռուստաընկերությունների դեմ։ Նա պահանջում է հերքել իր պաշտպանյալի մասին հրապարակված տեղեկությունները, որոնք համարում է կեղծ և զրպարտիչ։
Թեև փաստաբանը չի հստակեցրել, թե որ հրապարակումներն ու հայտարարություններն է վիճարկում, հայցի ներկայացումը հետևեց լուրերին, որ Բերա Իվանիշվիլին առնչություն ունի հանցավոր գործունեության, այդ թվում՝ զանգերի կենտրոններին հովանավորելու հետ։
Հայցը ներկայացվել է Վրաստանում լրատվամիջոցների գործունեության պայմանների վատթարացման ֆոնին։ Երկրում անկախ լրագրողներն ու լրատվամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են բախվում իրավական և վարչական ճնշումների։
Փաստաբան Դավիթ Ասաթիանին հայտնում է, որ հայցը վերաբերում է մի քանի պնդումների, որոնք, նրա գնահատմամբ, զրպարտիչ են և հրապարակվել են առանց պատշաճ ստուգման ու լրագրողական չափանիշների պահպանման։ Դատարանից պահանջում են այդ պնդումները ճանաչել զրպարտություն և պարտավորեցնել հերքել դրանք։
«Նյութն ընդհանուր առմամբ ծավալուն է, սակայն այս դեպքում մենք վիճարկում ենք մի քանի պնդում, որ տարածվել են առանց որևէ ստուգման կամ լրագրողական պատշաճ ուսումնասիրության։ Դրանք ուղղակիորեն վերաբերում են հանցավոր գործունեության մեղադրանքներին և հանցավոր կապերին»,- լրագրողներին ասել է Ասաթիանին։
Նա նաև պնդել է, որ վերջին շրջանում մի շարք հեռուստաալիքներ, քաղաքական գործիչներ և հանրային դեմքեր համակարգված կերպով զրպարտող տեղեկություններ են տարածում Իվանիշվիլիի մասին։ Ասաթիանին իր պաշտպանյալին ներկայացրել է որպես երաժիշտ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, որը քաղաքականությամբ չի զբաղվում։ Նրա խոսքով՝ Իվանիշվիլին իրավունք ունի դատական կարգով պաշտպանելու իր պատիվը, արժանապատվությունն ու հեղինակությունը։
Փաստաբանը հայտնել է, որ հայցի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Սեպտեմբերի 30-ին Բերա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է դատական քայլեր ձեռնարկել իր հասցեին հնչած մեղադրանքների, այդ թվում՝ զանգերի կենտրոններին հովանավորելու մասին պնդումների առնչությամբ։ Սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ նա պնդել էր, որ «որոշ լրատվամիջոցներ և անձինք», որոնց անունները չէր նշել, իր և իր ընտանիքի դեմ «համակարգված զրպարտիչ արշավ» են իրականացնում։
Իվանիշվիլին հերքել էր այն մեղադրանքները, թե հովանավորում է այսպես կոչված զանգերի կենտրոններին, իր հրահանգով մարդկանց են ձերբակալում կամ ինքը ներգրավված է անօրինական գործարքներում։ Նա լրատվամիջոցներին մեղադրել էր իր ենթադրյալ հանցավոր գործունեության մասին պնդումները որպես հաստատված փաստ ներկայացնելու մեջ՝ առանց որևէ ապացույց տրամադրելու։
«Կարծում եմ՝ այս պայմաններում դատարան դիմելը որևէ մեկից վրեժ լուծելու փորձ չէ, այլ իմ արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու միջոց»,- գրել էր նա՝ հավելելով, որ ցանկանում է, որ իր դեմ հնչած մեղադրանքները իրավական գնահատական ստանան։
OC Media-ի հետ զրույցում TV Pirveli-ի հետաքննող լրագրող և հաղորդավար Նոդար Մելաձեն նշում է, որ հեռուստաընկերությունը դեռ չի ստացել հայցադիմումը և չգիտի, թե որ հրապարակումը կամ կոնկրետ պնդումներն են վիճարկվում։
Նրա կարծիքով՝ հայցն անկախ լրատվամիջոցների դեմ ավելի լայն արշավի մաս է։ Մելաձեն մատնանշել է հեռուստաընկերությունների և լրագրողների նկատմամբ աճող ճնշումները։
«Ամեն կերպ փորձում են հասնել նրան, որ այլևս եթերում չլինենք։ Մեր տեղեկություններով՝ ցանկանում են, որ 2027-ի ընթացքում մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները զգալիորեն թուլանան կամ ընդհանրապես վերանան»,- ասել է Մելաձեն։
Նա նաև մտահոգություն է հայտնել TV Pirveli-ի լրագրողներ Մակա Չիխլաձեի և Գիորգի Շեցիրուլիի դեմ երկու տարի առաջ տեղի ունեցած հարձակման գործով քննության վերաբերյալ։
«Արդեն երկու տարի է՝ մենք բողոքում ենք մեր թիմի անդամներ Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեցիրուլիի դեմ կատարված հանցագործությունների անպատժելիության դեմ։ Ուղիղ եթերի ժամանակ տեղի ունեցած սպանության փորձը մինչ օրս բացահայտված չէ»,- ասում է Մելաձեն։
Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունը վերջերս դիմել է Վրաստանի դատախազություն՝ հարձակման գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով։ Մելաձեն նաև կասկածի տակ է դնում քննության ընթացքը՝ պնդելով, որ երկու տարի առաջ առաջին հարցաքննությունից հետո Չիխլաձեին այլևս հարցաքննության չեն կանչել։
Formula-ի փաստաբան Էթո Կատամաձեն նույնպես OC Media-ին հայտնել է, որ հեռուստաընկերությունը դեռ չի ստացել հայցադիմումը և ծանոթ չէ դրա բովանդակությանը։
«Հայցը ներկայացվել է, սակայն մեզ դեռ չի փոխանցվել։ Մենք չգիտենք դրա բովանդակությունը, ուստի կսպասենք, մինչև ստանանք այն և համապատասխան արձագանք տանք»,- ասել է Կատամաձեն։
Նա հավելել է, որ այս գործը կարևոր է հեռուստաընկերության համար, քանի որ անմիջականորեն առնչվում է խոսքի ազատությանն ու լրագրողների իրավունքներին։












