Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ընտրությունների մոնիթորինգով զբաղվող վրացական երեք կազմակերպություններ զգուշացնում են, որ ընտրական օրենսդրության առաջարկվող փոփոխությունները կդժվարացնեն ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելը, կնվազեցնեն քվեների հաշվարկի ճշտությունը ստուգելու հնարավորությունները և կթուլացնեն ընտրական գործընթացի վերահսկողությունը։
Առաջարկվող փոփոխությունները Վրաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունների շարքի մասն են։ Ընտրությունների դիտորդական կազմակերպությունները և ընդդիմադիր խմբերը քննադատել են փոփոխությունները։
Քննադատությունը հաջորդում է 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեցին ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը՝ պնդելով, որ տեղի են ունեցել համատարած ընտրակեղծիքներ։ Միջազգային դիտորդները նույնպես մտահոգություն էին հայտնել ընտրողների ահաբեկման, քվեարկության գաղտնիության և մրցակցության անհավասար պայմանների վերաբերյալ։
Օրինագիծը հոկտեմբերի 28-ին խորհրդարան է ներկայացրել վեց պատգամավոր։ Այն փոփոխություններ է առաջարկում Վրաստանի ընտրական և տեղական ինքնակառավարման օրենսգրքերում։ Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը (ISFED), Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) և Transparency International Georgia-ն քննադատել են առաջարկվող մի շարք փոփոխություններ՝ պնդելով, որ դրանք կթուլացնեն գործող երաշխիքները և ավելի կկենտրոնացնեն ընտրությունների վարչարարությունը։
«Առանց մասնագիտական և հանրային լայն համաձայնության ընտրական օրենսդրությունը հիմնովին վերանայելը վերջին տարիներին դարձել է «Վրացական երազանքի» հաստատած արատավոր գործելակերպ։ Սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի ընտրական չափանիշներին, որոնք պահանջում են բացություն, կանխատեսելիություն և ներառական երկխոսություն»,- հայտարարել են երեք կազմակերպությունները։
Իշխող կուսակցությունը պնդում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացը պարզեցնելու և արագացնելու համար։ Ըստ «Վրացական երազանքի»՝ ընտրական վեճերը լուծելու համար 14 օրը բավարար է, էլեկտրոնային քվեարկությունն ու թվայնացված քվեաթերթիկները պարտադիր պատահական վերահաշվարկներն ավելորդ են դարձնում, իսկ արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) անմիջապես փոխանցելը գործընթացն ավելի արդյունավետ կդարձնի։ Կուսակցությունը նաև պնդում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները վիճարկելու հիմքերի սահմանափակումը կօգնի կանխել երկարատև վեճերը։
Առաջարկվող ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ԿԸՀ-ի վերջնական արդյունքների արձանագրությունը բողոքարկելու ընթացակարգին։
Օրինագծով ԿԸՀ-ի վերջնական արձանագրությունը հնարավոր կլինի վիճարկել միայն տեխնիկական կամ մեխանիկական սխալները շտկելու նպատակով, օրինակ՝ եթե ընտրատեղամասերի տվյալները սխալ են նշված կամ դատարանի վճիռներում առկա տեղեկությունները փաստաթղթում թերի կամ ոչ ճշգրիտ են արտացոլված։
Երեք կազմակերպությունները զգուշացնում են, որ այս փոփոխությունը դատարաններին թույլ չի տա վերջնական արդյունքների փուլում քննել ավելի լայն կամ համակարգային խախտումների վերաբերյալ բողոքները։ Նրանց խոսքով՝ նման խախտումները երբեմն տեսանելի են դառնում միայն բազմաթիվ ընտրատեղամասերից ստացված տվյալները և ամբողջ ընտրական գործընթացը միասին գնահատելիս։
Օրինագիծը կփոխի նաև վերջնական արդյունքների ամփոփման կարգը․ ԿԸՀ-ն դրանք անմիջապես կամփոփի ընտրատեղամասերի արձանագրությունների և դատարանների որոշումների հիման վրա։
Կազմակերպությունների պնդմամբ՝ առանձին ընտրատեղամասերի վերաբերյալ վեճերը չեն կարող փոխարինել ընտրությունների վերջնական արդյունքների լիարժեք դատական վերանայմանը։
«Վրացական երազանքը» ցանկանում է վերացնել պարտադիր պատահական վերահաշվարկները
Օրինագծով կվերացվի յուրաքանչյուր շրջանային ընտրական հանձնաժողովի՝ վերահաշվարկի համար պատահականության սկզբունքով հինգ ընտրատեղամաս ընտրելու պարտավորությունը։
Գործող կարգով հանձնաժողովները պետք է տեղամասերն ընտրեն ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան վեցերորդ օրը, բացեն համապատասխան ընտրական նյութերը և վերահաշվարկեն քվեները։
Կազմակերպությունների պնդմամբ՝ այս պահանջի վերացումը կնվազեցնի ընտրությունների արդյունքների ճշտությունն անկախ եղանակով ստուգելու հնարավորությունները։
Դիտորդների գրանցումը կորոշեն ընտրական հանձնաժողովների նախագահները
Առաջարկվող փոփոխությունները կփոխեն նաև այն կարգը, որով որոշվում է՝ տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունները կարող են գրանցվել ընտրությունները դիտարկելու համար։
Գործող օրենքով տեղական և միջազգային դիտորդական կազմակերպություններին գրանցելու կամ գրանցումը մերժելու, ինչպես նաև քվեաթերթիկների և ամփոփիչ արձանագրությունների տպագրությունը վերահսկող դիտորդներ նշանակելու վերաբերյալ որոշումները հավաքականորեն ընդունում է համապատասխան ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ-ն կամ շրջանային ընտրական հանձնաժողովը։
Առաջարկվող փոփոխություններով այս լիազորությունը կփոխանցվի համապատասխան ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ-ի կամ շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահին։
Կազմակերպությունները զգուշացնում են, որ որոշումներ կայացնելու լիազորությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելը կարող է մեծացնել սուբյեկտիվ կամ քաղաքական դրդապատճառներով որոշումների վտանգը և վերացնել հանձնաժողովի մյուս անդամների, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների նշանակած ներկայացուցիչների վերահսկողության կարևոր մեխանիզմը։
Օրինագծով նաև ավելի վաղ ժամկետ կսահմանվի քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների կողմից ընտրությունները դիտարկող ներկայացուցիչներ նշանակելու, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների կողմից երկրորդ փուլից առաջ նոր դիտորդներ ներկայացնելու համար։
Գործող օրենքով դիտորդների գրանցումը հնարավոր է մինչև երկրորդ փուլից հինգ օր առաջ։ Առաջարկվող փոփոխությամբ այդ ժամկետը փաստացի կկրճատվի երկու օրով։
Կազմակերպությունները զգուշացնում են, որ դա կարող է դժվարացնել նախապատրաստական աշխատանքները, հատկապես հաշվի առնելով, որ ընտրությունների երկու փուլերի միջև սովորաբար սահմանափակ ժամանակ է լինում։
Կուսակցություններին ավելի քիչ ժամանակ կտրվի ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար
Օրինագծով նախընտրական քարոզարշավի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու ժամկետը ընտրությունների օրվանից հետո 12 օրից կկրճատվի մինչև հինգ օր։
Պահանջը վերաբերում է այն ընտրական սուբյեկտներին, որոնք նախնական արդյունքներով ստացել են անհրաժեշտ թվով ձայներ։
Երեք կազմակերպությունների պնդմամբ՝ ավելի կարճ ժամկետը կարող է դժվարացնել ճշգրիտ և ամբողջական ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը։
Նրանք նաև նշում են, որ եթե Պետական աուդիտի ծառայությունը որևէ խախտում էական համարի և գտնի, որ այն կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, կարող է ԿԸՀ-ին առաջարկել դիմել դատարան՝ արդյունքներն ամփոփելու ժամանակ տվյալ ընտրական սուբյեկտի ստացած ձայները չհաշվելու պահանջով։
Չօգտագործված անվճար գովազդային ժամանակն այլևս չի վերաբաշխվի
Առաջարկվող փոփոխություններով կվերացվի այն դրույթը, որը հեռարձակողներին և թերթերին թույլ է տալիս չօգտագործված անվճար նախընտրական գովազդային ժամանակը կամ հարթակը հավասարապես վերաբաշխել մյուս ընտրական սուբյեկտների միջև։
Կազմակերպությունները նշում են, որ «Վրացական երազանքի»՝ 2021-ին ընդունած փոփոխություններն արդեն սահմանափակել էին անվճար քաղաքական գովազդի հասանելիությունը պետական ֆինանսավորում չստացող կուսակցությունների համար։
Այդ կանոնների հետևանքով ընդդիմադիր մի շարք ուժեր՝ «Միասնություն՝ Ազգային շարժումը», «Կոալիցիան փոփոխությունների համար» և «Ուժեղ Վրաստանը», զրկվել էին պետական ֆինանսավորումից և անվճար եթերաժամից։
Կազմակերպությունների պնդմամբ՝ վերաբաշխման մեխանիզմի վերացումը ավելի կմեծացնի իշխող կուսակցության և ընդդիմադիր խմբերի միջև անհավասարությունը, քանի որ չօգտագործված գովազդային ժամանակը պարզապես կկորչի՝ մյուս ընտրական սուբյեկտներին հասանելի դառնալու փոխարեն։












