Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը ողջունել են հանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման կարևորությունը՝ Հայաստանի ու Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Նրանք երկուստեք շահագրգռվածություն են հայտնել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։
Հանդիպմանը քննարկվել են գործընթացի իրավական շրջանակը, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունները և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերը, որոնք կնպաստեն դրա սահուն ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին։












