Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիայում շուրջ 1,500 ԵՄ քաղաքացի զրկվել է բնակության իրավունքից․ ՆԳՆ-ի դեմ հայց է ներկայացվել

Մեծ Բրիտանիայում շուրջ 1,500 ԵՄ քաղաքացի զրկվել է բնակության իրավունքից․ ՆԳՆ-ի դեմ հայց է ներկայացվել

Լուսանկարը՝ Associated Press-ի։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ դատական հայց է ներկայացվել՝ Եվրամիության շուրջ 1 500 քաղաքացու բնակության իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղարկելու պատճառով։ Հայցվորները պնդում են, որ նախարարությունը խախտել է Brexit-ի՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

ԵՄ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող the3million կազմակերպությունը նոյեմբերի 6-ին դիմել է Բարձր դատարան։ Կազմակերպության տվյալներով՝ մի շարք քաղաքացիներ, որոնք Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում բնակվելու նախնական կարգավիճակ էին ստացել, վերջերս տեղեկացվել են, որ այն տրամադրվել է «սխալմամբ»։

Հայցում նշվում է, որ նախարարությունը քաղաքացիներին զրկել է որոշ իրավունքներից՝ առանց ապահովելու Brexit-ի համաձայնագրով նախատեսված իրավական երաշխիքները։ Մասնավորապես, նրանց չի տրամադրվել որոշումը բողոքարկելու հնարավորություն և չի գնահատվել, թե որքանով է համաչափ իրավունքների սահմանափակումը՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ ապրել և աշխատել են Մեծ Բրիտանիայում։

Տուժածների թվում են նաև բրազիլական ծագմամբ Իտալիայի քաղաքացիներ, որոնք քաղաքացիություն ունեն իրենց ծնողների կամ նախնիների միջոցով։ Նրանցից մի քանիսին նախարարությունը հայտնել է, որ բնակության կարգավիճակը սխալմամբ է տրամադրվել, քանի որ դիմելու պահին իտալական անձնագիր չեն ներկայացրել։

2026-ի հոկտեմբերին նախարարությունը վերանայել է այս մոտեցումը՝ ընդունելով, որ համապատասխան ապացույցների առկայության դեպքում նրանք կարող են համարվել Իտալիայի քաղաքացիներ ծննդյան պահից։

the3million-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Մոնիկ Հոքինսի խոսքով՝ նախարարությունը մարդկանց զրկում է արդար քննության և բողոքարկման իրավունքից՝ պատճառաբանելով, թե նրանք ակնհայտորեն չեն համապատասխանում համաձայնագրի պահանջներին։ Կազմակերպությունը դատարանից պահանջում է անօրինական ճանաչել նախարարության քաղաքականությունը և վերացնել դրա համապատասխան դրույթները։


Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պաշտոնապես դուրս է եկել 2020-ի հունվարի 31-ին՝ 2016-ին անցկացված հանրաքվեից հետո։ Brexit-ի համաձայնագրով նախատեսվել է պաշտպանել մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած ԵՄ քաղաքացիների իրավունքները։ Նրանց համար ներդրվել է բնակության կարգավիճակի հատուկ համակարգ։

Հինգ տարուց պակաս բնակված անձինք կարող էին ստանալ նախնական (pre-settled status), իսկ առնվազն հինգ տարի բնակվածները՝ մշտական (settled status) կարգավիճակ։ Այս համակարգի նպատակն էր ապահովել, որ Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարողանան շարունակել ապրել, աշխատել և սովորել Մեծ Բրիտանիայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում