Նոյեմբերի 15-ից Հայաստանում ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր կլինի։ Այս մասին հիշեցնում է ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը։
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Պարեկային ծառայությունը վարորդներին հորդորում է արդեն իսկ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ծառայությունից հայտնում են, որ կարգելվի թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների շահագործումը, եթե դրանց վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր։
Բացի այդ, ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհներին կարգելվի այն տրանսպորտային միջոցների շահագործումը, որոնց ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 միլիմետր կամ պակաս է։
Սահմանված պահանջների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը կգործի մինչև մարտի 31-ը ներառյալ։












