Գլխավոր Լրահոս

«Դուք չեք կարող ինձ հեռացնել, ես ինքս եմ հեռանում»․ Վրաստանի ընդդիմության ներսում տարաձայնությունները շարունակվում են

«Միացյալ ազգային շարժման» (ձախից) և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի (աջից) ընտրական համարները

«Միացյալ ազգային շարժման» (ձախից) և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի (աջից) ընտրական համարները

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հակասական հայտարարություն է արել՝ պնդելով, որ ինքնակամ է դուրս եկել ընդդիմադիր դաշինքից, ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ կուսակցության անդամներից մեկը հայտարարել էր, թե կուսակցությանը հեռացրել են դաշինքից։ Հոկտեմբերի 4-ին «Միացյալ ազգային շարժման» անդամ Անա Ցիտլիձեն ասել է, որ կուսակցությունը դաշինքից հեռացվելու մասին տեղեկացել է, երբ դաշինքի նորացված տարբերանշանից անհետացել է «Միացյալ ազգային շարժման» լոգոն։

Տարաձայնություններին նախորդել են ամիսներ շարունակվող լարված հարաբերությունները նախկին իշխող «Միացյալ ազգային շարժման» և դաշինքի մյուս անդամների միջև։ Ընդդիմադիր դաշինքը վրացական ընդդիմադիր կուսակցությունների միավորում է, որը ստեղծվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ քաղաքական գործողությունները համակարգելու համար։ «Միացյալ ազգային շարժման» ղեկավարությունը որպես պատճառ նշել է կուսակցության և նրա առաջնորդների հասցեին հնչող քննադատությունն ու հարձակումները, մինչդեռ դաշինքի ներկայացուցիչները հերքում են, որ կուսակցությանը հեռացնելու որևէ պաշտոնական ընթացակարգ է եղել։

Հոկտեմբերի 3-ին տեղեկություններ էին տարածվել, որ «Միացյալ ազգային շարժումը» դուրս է եկել ընդդիմադիր դաշինքից։ Կուսակցության մամուլի ծառայությունը OC Media-ին հաստատել էր դուրս գալու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ «Միացյալ ազգային շարժման» ղեկավար խորհրդի նախագահ Իրակլի Պավլենիշվիլին այդ հարցի մասին մի քանի անգամ խոսել է։

Պավլենիշվիլին նախկինում ևս անդրադարձել էր դաշինքի մյուս կուսակցությունների հետ տարաձայնություններին։ Նա դաշինքի որոշ անդամների մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը» և նրա առաջնորդներին վիրավորելու վրա կենտրոնանալու մեջ։

Հոկտեմբերի 4-ին «Միացյալ ազգային շարժման» ղեկավար խորհրդի անդամ Անա Ցիտլիձեն ընդդիմադիր TV Pirveli-ին ասել էր, որ կուսակցությունը ոչ թե դուրս է եկել ընդդիմադիր դաշինքից, այլ հեռացվել է։ Նրա խոսքով՝ այդ մասին իմացել է, երբ դաշինքը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ «Միացյալ ազգային շարժման» լոգոն այլևս չի եղել։

«Տեղեկությունը սխալ մեկնաբանությամբ է տարածվել, և դա, հավանաբար, ավելի շատ մեր մեղքն էր, քան այն տարածողների։ Մենք դուրս չենք եկել։ Երեկ իմացանք, որ մեզ հեռացրել են դաշինքից, երբ հայտարարվեց, որ մեր լոգոն այլևս այնտեղ չկա»,- ասել է Ցիտլիձեն։

Նա հավելել է, որ «Միացյալ ազգային շարժումը» մի քանի ամիս ակտիվորեն չի մասնակցել դաշինքի աշխատանքներին, հատկապես նախկին նախագահ և «Միացյալ ազգային շարժման» նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ, իր բնորոշմամբ, ուժգնացած հարձակումներից հետո։ Սակայն Ցիտլիձեն պնդել է, որ կուսակցությունը պաշտոնապես չի լքել դաշինքը։

«Որպեսզի մենք դուրս գայինք, այդ որոշումը պետք է ընդունեին քաղաքական և ղեկավար խորհուրդները։ Նման որոշում չի կայացվել»,- ասել է նա։

Ցիտլիձեն հարցականի տակ է դրել նաև այս ամենի ժամանակը՝ հարցնելով, թե ինչու է դաշինքը քննարկում կուսակցությանը հեռացնելու հարցը, երբ քննվում է «շատ լուրջ սահմանադրական հայց»։

Հոկտեմբերի 5-ին «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Գվարամիան TV Pirveli-ին կտրականապես հերքել է, որ «Միացյալ ազգային շարժումը» հեռացվել է դաշինքից։

«Դա սուտ է, քանի որ հեռացնելու համար առանձին ընթացակարգ կա։ Նման բան տեղի չի ունեցել, և այդ հարցը նույնիսկ ոչ ոք չի բարձրացրել՝ առնվազն որքան ես գիտեմ»,- ասել է Գվարամիան։

Նա հավելել է, որ մոտ երկու շաբաթ առաջ Պավլենիշվիլին խոսել էր «Միացյալ ազգային շարժման»՝ դաշինքից դուրս գալու մասին, և դրանից հետո մյուս անդամները տեղեկացել էին կուսակցության դիրքորոշման մասին։

Գվարամիան նաև ասել է, որ «Միացյալ ազգային շարժումը» չէր մասնակցում դաշինքի աշխատանքներին և չէր հետևում դրա կանոններին, սակայն, չնայած դրան, կուսակցությանը դաշինքից չէին հեռացրել։

OC Media-ի հետ զրույցում Պավլենիշվիլին նշել է, որ «Միացյալ ազգային շարժումը» դադարել էր մասնակցել դաշինքի աշխատանքներին, սակայն կուսակցության համապատասխան մարմինը պաշտոնական որոշում չէր ընդունել դաշինքից դուրս գալու մասին։

«Մենք ամիսներ շարունակ ներգրավված չէինք և դաշինքի ակտիվ անդամ չէինք։ Սակայն անհրաժեշտ չէինք համարում դա պաշտոնականացնել՝ դուրս գալով, հայտարարություն ներկայացնելով կամ հարցը քաղաքական խորհրդում քննարկելով, հատկապես հաշվի առնելով Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացը»,- ասել է Պավլենիշվիլին։

Նա հավելել է, որ դաշինքի մյուս անդամները բազմիցս հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» վրա, ինչի պատճառով կուսակցությունը ստիպված է եղել պաշտպանվել։ Պավլենիշվիլիի խոսքով՝ հենց այդ պատճառով «Միացյալ ազգային շարժումը» նախընտրել է այլևս դաշինքի ակտիվ անդամ չլինել։

Դաշինքը ձևավորվել է մարտի սկզբին, երբ ինը ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ համաձայնության են եկել «ընդհանուր ռազմավարության և գործողությունների միասնական կանոնների» շուրջ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու նպատակով։ Ընդհանուր կարծիքի համաձայն՝ ներքին տարաձայնություններն ու դրանց ուղեկցող ազդեցության համար պայքարը խանգարել են ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալ և 2024-ի խորհրդարանական ընտրություններում ավելի արդյունավետ մրցակցել «Վրացական երազանքի» դեմ։

Համատեղ հայտարարությունում կուսակցությունները դաշինքը բնորոշել էին որպես «ժողովրդավարական այլընտրանք» և «միասնություն՝ առանց միօրինակության»՝ նշելով, որ պահպանելու են իրենց գաղափարական ինքնությունը՝ միաժամանակ համակարգելով բողոքի ակցիաներն ու հաղորդակցության ռազմավարությունները։

Դաշինքի հռչակած ռազմավարական նպատակն էր «հասարակության ճնշող մեծամասնությանը համախմբել խաղաղ բողոքի և ռեժիմի կազմաքանդման շուրջ»։

«Միացյալ ազգային շարժումը» դաշինքի հիմնադիր անդամներից էր։ Դաշինքի կազմում են նաև «Ախալին», «Դրոան», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Ազատության հրապարակը», «Աղմաշենեբելիի ռազմավարությունը», «Ֆեդերալիստները», Ազգային դեմոկրատական կուսակցությունը և «Եվրոպական Վրաստանը»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում